Մենք ունեցել ենք քովիդից հղի կնոջ մահվան դեպք, նաև ներարգանդային մահ է գրանցվել. Գեորգի Օկոև

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևն այսօր հրավիրված ասուլիսում բոլորին հորդորեց պատվաստվել։ Նա հայտնեց, որ Դանիայի բնակչության 85 %-ը պատվաստված է և այնտեղ հանված են բոլոր սահմանափակումները:

Նրա խոսքով՝ 70 տարեկանից բարձր դանիացիների 97%-ը պատվաստված է, բուժաշխատողների՝ 99%-ը և արդեն մի քանի օր է այնտեղ չի արձանագրվել վարակման որևէ դեպք, իսկ հիվանդանոցներում գտնվում են ընդամենը 11 հոգի:

Գեորգի Օկոևը հայտնեց, որ Մեծ Բրիտանիայում հղիներին պատվաստում են՝ անկախ հղիության ժամկետից և նշեց, որ այնտեղ «Սպուտնիկ V» չկա և նրանք ակտիվ պատվաստում են «Մոդեռնա», «Աստրա Զենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերով:
Պրոֆեսորը տեղեկացրեց, որ կրծքով կերակրող մայրերն էլ կարող են պատվաստվել, բայց՝ բժշկի ցուցումով:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի երկու դեղաչափն ընդունելուց և դրա ազդեցության համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո նոր ցանկացողները կարող են հղիանալ:

«Մենք վերջերս ունեցել ենք դեպք, երբ հղի կին է մահացել, մեկ այլ դեպքով էլ ներարգանդային մահ է գրանցվել՝ ընկերքի ծայրահեղ բարդ տրոմբոցիտային փոփոխության պատճառով, դրա համար պատվաստվելն անհրաժեշտ է»,- հայտնեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրենը և բոլորին հորդորեց պատվաստվել: