Բաքուն նշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանները

Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելով, ինչպես նաև Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցման ուղիների բացմանը»: Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքները հարգելով, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելով»,- ասել է նա:

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանին «կոչ է անում սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»: Նրա գնահատմամբ՝ հաղորդակցական ուղիների բացումն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում: