Հանցագործություն է եղել՝ Արցախի պատմամշակութային արժեքները մնացել են թշնամու վերահսկողության տակ․ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր

«Հանցագործություն է կատարվել, որ Արցախում այդքան թանգարաններ մնացել են Ադրբեջանի մոտ, ցուցանմուշները չեն տարհանվել։ Ես սա համարում եմ, որ անգիտակցաբար է եղել»,- ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկմանն ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

Վարդան Ասծատրյանը պատմեց, որ Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն իրեն զանգել է, ասել է՝ տարհանում պետք է արվի։

«Հայաստանի պատկերասրահից եկել էին Շուշիի Հակոբ Գյուրջյանի երեք քանդակները վերցրել, որն իրենցն էր։ Տիգրանակերտից էլ տարհանում արել են։ Իրենք արարողակարգով են աշխատել, որ պատերազմ է, պետք է տարհանում արվի։

Նախարարին ասացի՝ մի քիչ էլ սպասեք։ Ես հայտնի մարդ եմ, ինձ ճանաչում են, և եթե ամսի 20-ին Շուշիից սկսեի տարհանում կատարել, կասեին մի բան գիտի, որ անում է, դրա համար չարեցի։ Ավելի ուշ հրթիռ էր պայթել, ամեն ինչ կոտրել, արդեն ստիպված էի զանգել նախարարին ու մի մեքենա խնդրել ցուցանմուշների տարհանման համար։

Նախարարին խնդրել եմ, որ ես էլ ապրանքի հետ գնամ Երևան, նախարարն ասաց, որ հարց չկա։ Տիկին նախարարն ասում է՝ հիմա ասեմ՝ էդ թուղթը գրեն, ու էդ թուղթը չի գրվում։

Ես երկու տարհանում եմ արել, տիկին նախարարն էլ չգիտի։ Քանի որ ինձ չեն թողել այդ ամենը հանել… կոնկրետ իրեն ասել են, որ չենք թողնում ինքն այդ ամենը կատարի։

Թանգարանում մնացել են գեղանկարներ, որոնք շատ լուրջ արժեք ունեն, որոնք էլի պետք է տարհանեի, սակայն այդ պահին չի ստացվել։

Այդ երեկոյան զանգահարել եմ կնոջս, որն այդ ժամանակ Երևանում էր, ասել եմ՝ համակարգային քաոս է։ Ինքը շտապօգնության մեքենայով գիշերվա 4-ին հասել է Ստեփանակերտ։ Իմ սեդան մեքենայի մեջ եմ դրել արժեքավոր նմուշներն ու Շուշիից դուրս գալիս զանգել եմ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ասել՝ թողեք այս աղջկան մեքենայով ուղարկեմ Գորիս, Գորիսից ուղարկեմ Երևան։ Հոկտեմբերի 31, նոյեմբերի 1-ն էր։ Որևէ մեկը չգիտի այդ մասին, դա երկրորդ տարհանումն էր։

Պատկերացրեք վիճակս, թուրքերն արդեն Շուշիի մոտակայքում էին, այդ ձորում։ Ես այդ աղջկան մենակ, մեքենայով, ասում եմ՝ գնա, ոչ մի տեղ չկանգնես։ Զանգել եմ Գորիսում գտնվող տղերքին, ասել, որ դիմավորեն։

Այս ամենը պատմում եմ, որ բոլորի համար պարզ լինի, թե ինչ վիճակ է եղել։

Եթե չլիներ իմ անձնական նախաձեռնությունը, այդ ամենն էլի կմնար ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Հիմա այս ամենը պետք է սահուն անցնի քրեական դաշտ ու հասկացվի, քանի որ կոնկրետ հանցագործություն է եղել՝ Արցախի պատմամշակութային արժեքները մնացել են թշնամու վերահսկողության տակ»։

Նա նշեց, որ պետք չէ մեղավորներ փնտրել կոնկրետ ցածր օղակներում,  այլ պետք է հասկանալ, թե ինչու այդ համակարգը, որը Հայաստանում աշխատել է, այսինքն՝ եկել էին իրենց պատկանելիք իրերը Շուշիից հանել, իսկ մեզ մոտ դա չի կատարվել։

«Սա շատ կարևոր հարց է։ Եթե այս հարցի պատասխանը չստանանք ու այսքանից հետո, ինչ մեզ հետ կատարվել է, այս ամենը անցնի, գնա, լավ բաների չենք հասնելու։ Պատերազմից հետո լռելու իրավունք չունենք», – ասաց Վարդան Ասծատրյանը։

Նրա ցանկություն է՝ մեղավորներն ասեն, որ իրենք մեղավոր են, այլապես որևէ բան չի ստացվի։
«Մենք հայրենիք ենք կորցրել, իսկ այդ դեպքում ուրիշ վիճակում ես լինում»,- ասաց Վ. Ասծատրյանը։

Նա նաև հարց բարձրացրեց, որ Շուշիի գորգերի թանգարանին կարգավիճակ տրվի, ինչ-որ բյուջե տրվի, գործի որպես առանձին միավոր, քանի որ թեև ինքն է հավաքել, բայց ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է։

«Կարևորն այն է, որ սա լինի Արցախի ժողովրդինը, Արցախի սեփականությունը։ Սա միակ փրկված թանգարանն է։ Սա պետք է լինի առանձին թանգարան, մնա որպես Շուշիի գորգերի թանգարան, անունն էլ պահի»,- ասաց նա։