ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կարևոր ձևաչափ է խնդիրների հաղթահարման համար. Զախարովա

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման և վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ևս մեկ կարևոր ձևաչափ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ հանդիպումն առաջինը չէ, կրոնական առաջնորդների միջև շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ: Դրանք տարբերվում են վստահելիությամբ»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը: