Կիպրոսի թուրքական կոալիցիոն կառավարությունը հրաժարական է տվել

Չորեքշաբթի  ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կառավարությունը՝ չճանաչված պետության վարչապետ, «Ազգային միաբանության կուսակցության» (ԱՄԿ) առաջնորդ Էրսան Սաների գլխավորությամբ, հրաժարական է տվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես հասկացա, որ կառավարությունը չի կարող շարունակել իր գործունեությունը»,- իր կայքում  Սաներին մեջբերում է YENİDÜZEN թերթը: Նա իր որոշման մասին հայտնեց լրագրողներին այն բանից հետո, երբ համապատասխան միջնորդություն ներկայացրեց ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարուին:

Սաների խոսքով՝ այս քայլի պատճառը խորհրդարանական մեծամասնության կորուստն էր ԱՄԿ-ի և Ժողովրդավարական կուսակցության և Վերածննդի կուսակցության հետ համատեղ ձևավորված իշխող կոալիցիայի կողմից: «Խորհրդարանում քվորումի խնդիրը, կոալիցիոն կառավարության երեք կուսակցություններից երկուսում իրադարձությունների զարգացումը և կառավարության ներսում ծագած որոշ խնդիրներն այն պատճառներն էին, որոնք ստիպեցին մեզ հրաժարական տալ»,- պարզաբանել է նա:

Անցած տարվա դեկտեմբերին ձևավորված կառավարական կոալիցիան գոյություն ուներ 10 ամիս: Այն սկզբում ուներ 25 խորհրդարանականների աջակցությունը, ինչը ՀԿԹՀ 50-տեղանոց օրենսդիր ժողովի տեղերի ուղիղ կեսն էր: Այնուամենայնիվ, նրա պատգամավորներից մեկի ՝ Վերածննդի կուսակցության շարքերից վերջերս դուրս գալը հանգեցրեց նրան, որ այժմ Սաները խորհրդարանական փոքրամասնության կառավարության ղեկավար դարձավ, և այդ հանգամանքը զգալիորեն խոչընդոտեց կառավարության օրինագծերի ընդունումը միապալատ մարմնի միջոցով և վերջնականապես թուլացրեց իշխող կոալիցիան:

Այս իրավիճակում Սաները կոչ է արել վաղաժամ անցկացնել Կիպրոսի թուրքական խորհրդարանի արտահերթ ընտրությունները: Սակայն դրանց անցկացման օրվա շուրջ ԱՄԿ-ի և Կիպրոսի թուրքական ընդդիմության միջև դեռ կոնսենսուս ձեռք չի բերվել: