Ռուս խաղաղապահները Արցախում համալիր պարապմունքներ են իրականացրել բոլոր դիտակետերում․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստվածության պահպանմանն ուղղված գործողությունների շրջանակում ռուս խաղաղապահները համալիր պարապմունքներ են անցկացրել 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, պարապմունքի ընթացքում զինծառայողները քայլեր են մշակել հնարավոր խախտումները, սադրիչ գործողությունները կանխելու և դիտակետերի դեմ հարձակումը հետ մղելու ուղղությամբ: Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները հատուկ գործողությունների են անցել՝ հանդերձանք և զենք ստանալով, այնուհետև արագ գուրս են եկել գտնվելու վայրից և գրավել պաշտպանական դիրքերը: Պաշտպանության ուժեղացման համար գործարկվել են БТР-82А զրահափոխադրիչներով ստորաբաժանումները:

Մարզումներին մասնակցել են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորները գործողություններ են մշակել՝ ուղղված կրակային կետերը զբաղեցնելուն, նշված կետերը թիրախավորելուն, հետախուզությանը և կրակային դիրքերի փոփոխությանը: