Քոչարյանն Օնիկ Գասպարյանին և այլ գեներալների հրավիրեց խոսելու, շատերը թերհավատ են, որ նրանք կխոսեն, բայց… 3

Սկիզբը` այստեղ 

 

2020թ. հոկտեմբերի 3-ի երեկոյան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, այժմ նաև ԱԺ կոչվածի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցություն) իմանում է, որ Ստեփանակերտի այն հյուրանոցում, որտեղ մնում էր ինքը, գիշերում է փոխվարչապետ Տ. Ավինյանը։

«Փոխանցեցի որ գա՝ ինձ հետ կապնվի,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Իշխան սաղաթելյանը:- Երեկոյան հանդիպեցինք, իմ առաջին խնդիրն էր՝ հասկանալ արդյո՞ք տիրապետում են վիճակին, գիտակցու՞մ են պահի լրջությունը և փոխանցել այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրել էինք։

Զրույցը տևեց մոտ 40 րոպե։ Նախ ներկայացրի մեր կողմից արձանագրված խնդիրները, որոնք գնալով խորանում են։ Մասնավորապես՝ թիկունքի «բարդակ»‰ վիճակի, երկրորդ՝ զոհերի իրական թվերի մասին, ՌԴ-ի և Իրանի հետ պատշաճ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին։ Նաև պնդեցի, քայլեր ձեռնարկեն որ նախկին զինվորականներին ներգրավվեն պաշտպանության գործին։

Իմ տպավորությամբ՝ հասկանում էր իրավիճակի բարդությունը, վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով ինչ կարող են կանեն, նաև որոշ դիտարկումներ կփոխանցի Փաշինյանին։ Խոսակցության վերջում ասացի. «Հուսով եմ՝ դուք և ձեր թիմը հասկանում եք ձեր պատասխանատվության չափը և ձեր սխալ քայլերի կամ անգործության դեպքում ինչ կարող է լինել»»։

Ինչպես նկատելի է, Ավինյանը ևս վարվել է այնպես, ինչպես Նիկոլը` չի առարկել, չի մերժել, այլ ձևականորեն վստահեցրել է, թե բոլոր ուղղություններով ինչ կարող են կանեն: Չէ՞ որ նրա համար նույնպես կարևորը ոչ թե այդ պահին ասված բառերը, խոսքերն էին, այլ այն, թե Նիկոլի հետ այդ խոսքերն արդյոք վերածելո՞ւ էին գործի… Ինչպես արդեն հայտնի է, թիկունքի «բարդակ» վիճակը շարունակվել է, զոհերի իրական թվերը ոչ միայն թաքցվել, այլև անտեսվել են, ՌԴ-ի և Իրանի հետ պատշաճ աշխատանքներ չեն կատարվել, նախկին զինվորականներին չեն ներգրավվել պաշտպանության գործում։

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Ազատամարտիկների միությունում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Զրույցն ընթացել է Ստեփանակերտի ակտիվ ռմբակոծության ներքո, արկերից մեկն ընկել է շենքից ոչ հեռու, հետո իրար հաջորդող հարվածների պատճառով զրույցը շարունակել են շենքի նկուղում, մոմի լույսի տակ: Թե ինչ պետք է արվի, գնահատականը նույնն է եղել: Զրույցին միացել են Դավիթ Իշխանյանը, Վիտալի Բալասանյանը, Յուրի Խաչատուրովը, Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, Վովա Գասպարյանը, Արթուր Վանեցյանը, Ժաննա Գալստյանը, Սամվել Կարապետյանը և այլք։

«Այդ պահի խորհուրդը մեծ էր. տեսեք՝ ովքեր էին, բոլորը նախորդ երկու պատերազմներում հաղթած մարդիկ կամ մարտական գեներալներ,- գրել է Իշխան Սաղաթելյանը:- Անճար վիճակում՝ Խաչատուրովը հայհոյում էր, ասում՝ սրանք հիմար են, մեզ պարտության կտանեն»։

Հիմա՞ր են, թե դավաճան… Այո, Խաչատուրովը, որպես ռազմական գործիչ, շատ ճիշտ է կռահել վտանգը, շատ ճիշտ է զգացել, որ սրանք մեզ պարտության են տանելու, բայց սխալվել է սպասվող պարտության պատճառի հարցում, սխալվել է քաղաքական առումով` այդ պարտությունը բխեցնելով սրանց ոչ թե դավաճանությունից, այլ հիմարությունից: Մինչդեռ նրանք, որոնց Խաչատուրովը նկատի է ունեցել, հիմար չեն, նեռիկի խելք ու սատանայատուր խորամանկություն ունեն, ու մեծ հաջողոությամբ շատ ուրիշներին էին հիմարի տեղ դրել ու դնում նաև այժմ:

Շարունակելով իր գրառումը, Սաղաթելյանը գրել է.

«Բոլորին մեկուսացրել էին՝ անձամբ Նիկոլի հրամանով, ամեն մեկը մի բան էր առաջարկում, մի ելք, բայց… այդ պահին զինված ուժերի բունկերում ձեզ քաջ հայտնի և բոլորովին ուրիշ մարդիկ էին, նրանք էին որոշում մեր ազգի ճակատագիրը։

Այդ պահին աչքիս ընկավ Լևոն Մնացականյանը. լուռ, նայելով առաստաղին՝ ծխում էր, աչքերի մեջ զայրույթ, սիրտը պայթում էր, ես այդ տղերքին ախր տեսել էի ապրիլյան պատերազմի ժամանակ, աչքներից կրակ էր թափում, իսկ հիմա… սպանող տեսարան էր…

Ինչևէ։

Տիկին Ժաննան այդ պահին մի լավ առաջարկ արեց, բայց հավանության չարժանացավ, շատ ծայրահեղ էր, բայց գուցե ճիշտն էլ դա էր»։

Ոչ թե գուցե, այլ հենց ճիշտն էլ դա էր: Կռահում եմ, հասկանում եմ տիկին Ժաննայի առաջարկը, կարծում եմ, ընթերցողներից շատերն էլ կռահում են, հասկանում, թե ինչ է առաջարկել նա: Միակ համարձակ, տղամարդկային և, համոզված եմ, փրկչական առաջարկը փաստորեն եղել է այդ կնոջ առաջարկը, բայց այն, ցավոք, հավանության չի արժանացել, մերժվել է ներկա գտնվող վերոնշյալ անձանց, այդ թվում` մարտական փորձ ունեցող գեներալների ու քաղաքական մեծ փորձառություն ունեցող գործիչների կողմից:

Գրեթե չեմ կասկածում, որ տիկին Ժաննայի առաջարկը չընդունած վերոնշյալ անձինք այսօր էլ` Արցախի մոտ երեք քառորդի կորստից, ավելի քան 5000 զոհ ունենալուց, արտաքին ու ներքին թշնամիների փոխգործակցությամբ ՀՀ տարածքների մի մասի բռնազավթումից, կեղծված ընտրություններից հետո ու սպասելի նոր արհավիրքներից առաջ, կհամարեն, կպնդեն ու կփորձեն համոզել, որ իրենց դիրքորոշումը ճիշտ է եղել: Մինչդեռ իրենց համար լավագույն բացատրությունս այն է, որ նրանք համարձակություն չեն ունեցել իրենց վրա պատմական պատասխանատվություն վերցնելու, ինչպես, օրինակ, Նժդեհը, Անդրանիկը…

Այո, վախեցել են, որ սորոսական ինչ-որ լղրճուկներ ու զոմբիացածների ամբոխը կարող են իրենց մեղադրել, մեղքն իրենց վրա գցել, եթե հանկարծ… Ամեն ինչ, իսկապես, արտաքին ու ներքին թշնամիների կողմից նախապես ու հանգամանորեն հաշվարկված, նախապատրաստված է եղել, նաև` հոգեբանական տեսանկյունից…

«Ես չէի կարողանում հասկանալ երկիր ազատագրած մարտական գեներալների, նախկին զինվորականների պահվածքը,- տիկին Ժաննայի առաջարկին ու դրա մերժմանն անդրադառնալուց անմիջապես հետո գրել է Սաղաթելյանը:- Բայց Նիկոլը այս պատերազմին երկար էր պատրաստվել, հիշում եք՝ 2019 թ. մայիսին հայտարարեց՝ Արցախում կան դավադիր ուժեր, ովքեր փորձելու են պատերազմ հրահրել, տարածքներ տան թշնամուն և մեղքը գցեն ՀՀ իշխանությունների վրա։ Իսկ պատերազմի 4-րդ օրն ասաց` կան նախկին զինվորականներ, որ ասում են՝ Նիկոլը տարածքները տվել է, ծախել է, իզուր եք կռվում, ասաց՝ անհերքելի ապացույցներ ունի։ Այս ամենը մի նպատակ ուներ. մեկուսացնել նախկին զինվորականներին, ովքեր կարող էին վիճակ փոխել և համախմբել ժողովրդին։

Մարդիկ շատ զգուշավոր էին. «Մի բան չանենք, մեր վրա մեղքը չգցեն։

Անկեղծ լինելու համար ասեմ, որ քաղաքական ուժերը ևս այդ պրոբլեմը ունեին, հրապարակային չէինք խոսում իրական վիճակի մասին, քանի որ լայնածավալ հարձակում էր սկսվում, թե «թիկունքը թուլացնում եք, հարվածում մեջքից, դա դավաճանություն է և այն։

Մի խոսքով իշխանությունը այդ հարցերում լավ նախապատրաստական աշխատանք արել էր»:

2020թ. հոկտեմբերի 4-ին Իշխան Սաղաթելյանը չի հասկացել երկիր ազատագրած մարտական գեներալների, նախկին զինվորականների պահվածքը, 2021թ. ճիշտ նույն օրը հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց` «Պետք է այդ գեներալները սկսեն խոսել, պետք է սկսեն պատմել ճշմարտությունը, հակառակ դեպքում, իրոք, ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»:

Իրոք, հետաքրքիր ու կարևոր տեղեկություններ է հայտնել Սաղաթելյանը, բայց վերջում, ցավոք, հիասթափեցրել է. «Վերադարձին որոշեցի անպայման հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ուզում էի անձամբ ներկայացնել բոլոր հարցերը, այն ամենը, ինչ տեսել եմ և քայլեր ձեռնարկելու կոչ անել….»:

Արմեն Սարգսյանի հե՞տ… Արմեն Սարգսյանի՞ն ներկայացնել բոլոր հարցերը, Արցախում տեսածը, և քայլեր ձեռնարկելու կո՞չ անել….

 

Արթուր Հովհաննիսյան