Հացադուլ հայտարարած Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել կալանավայրի բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին:

«Շատ կարևոր է, որ նրան այցելի իր անձնական բժիշկը, սակայն դա նրան թույլ չեն տալիս: Սպեկուլյացիաներից խուսափելու նպատակով նա համաձայնել է հանդիպել տեղի բժիշկների հետ, սակայն կարևոր կլիներ նրա անձնական բժշկի այցելությունը», – ասել է նա:

Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել և հացադուլ է սկսել:

Երկրի իշխանությունները մեղադրում են նրան Վրաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ: