Կարսի պայմանագիր. ինչպես գծվեց Թուրքիա-Հայաստան սահմանը

100 տարի առաջ այս օրն ստորագրվեց Կարսի պայմանագիրը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։

1922 թ. մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի պետական բարձրագույն մարմինը` Կենտգործկոմը, հաստատում է 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ կնքված Կարսի պայմանագիրը, որի վավերացված փաստաթղթերը փոխանակվեցին Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին:

Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշմամբ։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցան նաև Կարսի, Արդահանի, Արդվինի և Բաթումի շրջանները։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գրավված տարածքները բաժանված էին Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Թիֆլիսի ու Քութայիսի նահանգների և Կարսի ու Բաթումի մարզերի միջև։

Ռուսաստանը և Թուրքիան բախվեցին 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմում։ Պարտության մատնելով Էնվերի գլխավորած թուրքական բանակը Սարիղամիշի ճակատամարտում՝ ռուսները տիրեցին ռազմական նախաձեռնությանը։ Էնվերն իր պարտության մեջ մեղադրեց հայերին. արդյունքում մերձճակատային գոտուց ռուսամետ հայերի հեռացման պատրվակով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ Մեծ եղեռնը։ 1915-1916 թվականներին ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը. Վանը՝ 1915 թվականի ապրիլին, Էրզրումը՝ 1916 թվականի փետրվարին, Բիթլիսը և Մուշը՝ մարտին, Տրապիզոնը՝ ապրիլին, Երզնկան՝ հուլիսին։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը դադարեցրեցին ակտիվ գործողությունները, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսեցին լքել իրենց դիրքերը։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ին ստորագրվեց Երզնկայի զինադադարով պատերազմական գործողությունները Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ավարտվեցին, որից հետո ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Կովկասյան ճակատից՝ թողնելով դիրքերը հայկական ջոկատներին։

Օգտվելով ռուսական զորքերի հեռացումից՝ թուրքերը 1918 թվականի փետրվարին անցան հարձակման ճակատի գծի ողջ երկարությամբ՝ երկու ամսվա ընթացքում հետ գրավելով Արևմտյան Հայաստանի տարածքները։ Ապրիլին թուրքերը ներխուժեցին նախկին ռուսական տարածք՝ գրավելով Կարսը և Ալեքսանդրապոլը։ Մինչ այդ, մարտի 3-ին, ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչեց Կարսի, Արդահանի և Բաթումի անցումը Թուրքիային։ Մայիսին թուրքական զորքերն անցան նոր հարձակման. նրանց առաջխաղացումը դեպի Երևան կանգնեցվեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայկական զորքերի հաղթանակից հետո, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական բանակը պարտվեց։

1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր վիճակում։ Մինչև ամռան վերջը ռուսական, ադրբեջանական և թուրքական զորքերը վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքների վրա։ Սեպտեմբերին սկսված երկրորդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում մինչև նոյեմբեր թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզի տարածքը և Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 29-ին Հայաստան ներխուժեցին ռուսական զորքերը՝ դեկտեմբերի 2-ին պարտադրելով դաշնակցական կառավարությանը հանձնել իշխանությունը բոլշևիկներին։ Դրան զուգահեռ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները թուրքերի հետ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչում էին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից։

1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-1878 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը և Բաթումի մարզի հարավային մասը։ Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշևիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը։ Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։