Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Ալեն Սիմոնյանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ եւ արագ լուծմանը:

Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական նպատակները եւ ուղղությունները, մանրամասնել իր ղեկավարած կառույցի առաքելությունն Արցախյան հակամարտության առնչությամբ՝ հատկապես վերջին տարվա ընթացքում:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին:

Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների եւ ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետեւում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին: Այդ աշխատանքի նպատակներից է նաեւ կանխել գերեվարվածների անհետացումը եւ օգնել նրանց պահել կապը հարազատների հետ: