«Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզեր այցելում են սեփական միջոցներով

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությանն ու պատգամավորներին ուղղված հարցման` հայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցության անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակվում են), ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները:

Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարվել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: