Երևանում կկայանա հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցներ միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության տուժածներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այդ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 13, 14 և 15-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը:

Համաժողովի նպատակը հայ և ֆրանսիացի մասնագետների միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև տևական համագործակցության հեռանկարը:

Հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (Assistance publique – Hôpitaux de Paris (AP -HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցների և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո:

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացմանը ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ինչպես նաև Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը:

Մասնակիցների գրանցումը սահմանափակ է. գրանցումը այստեղ: