Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը:

«Անցկացրել եմ կարևոր զրույց Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ Դոնբասում պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցություններն ակտիվացնելու և «Նորմանդական քառյակ»-ի գագաթնաժողովը նախապատրաստելու վերաբերյալ»,- նշել է նա:

Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։

«Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլում նշել են, որ «հաշվի առնելով Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման գործում ստեղծված բարդ իրավիճակը», առաջնորդներն իրենց քաղաքական խորհրդականներին և արտաքին քաղաքական գերատեսչություններին հանձնարարել են ակտիվացնել շփումներն ու աշխատանքը «նորմանդական քառյակի» գծով: