Ընդդիմադիրնե՛ր, դո՛ւրս եկեք փողոց, համախմբե՛ք ժողովրդին, Հայրենիք ենք կորցնում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գևորգյանն է։

«Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը՝ պահեստազորի փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը ասել է․ «Պատերազմից անմիջապես հետո զորացրվելով, ես առաջին օրը հայտարարել եմ, որ սա պայմանավորված դավաճանությամբ երկիրը պարտության հասցրած պատերազմ էր։ Մենք գիտենք, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 19-ին Փաշինյանին առաջարկել էր կանգնեցնել պատերազմը։ Հարց է՝ ինչո՞ւ նա չկանգնեցրեց։ Օրեր առաջ էլ այդ մասին խոսեց Ալիևը, ասելով որ հոկտեմբերի 7-ին եղել է պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, բայց Փաշինյանը նորից մերժել է։ Եթե շուտ կանգնեցվեր, մենք Շուշին ու Հադրութը չէինք կորցնի ու մեր զոհերը քիչ կլինեին»։

Ռազմիկ Գևորգյանը նկատեց, թե կան բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում են՝ սա դավադիր պատերազմ էր, բերեց մի քանի օրինակ․ «Հադրութից դեպի Շուշի անտառները ժամանակին հատվել են, ճանապարհ է բացվել ու այդ կողմով էլ ադրբեջանցիները ներխուժել են Շուշի։

Պատերազմի առաջին օրերին հակաօդային պաշտպանությունն ամբողջովին ոչնչացվել էր, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դրանց տեղակայման վայրերի մասին տեղեկացված է եղել։

Մեր զորքերին սխալ ինֆորմացիա է տրվել, ուղարկել են այնպիսի ճանապարհներով, որ զորքը կամ ոչնչացվել է, կամ շրջափակման մեջ ընկել։ Որոշ տեղերում հրամանատարներն են բացթողումներ արել, կամ զորքը թողել են անտեր ու իրենք հեռացել են, այսինքն զորքը ճիշտ չի կառավարվել, կամ մտածված տարել են զորքին պարտության»։

Կան զինվորականներ, որոնք ասում են, թե հայկական բանակը պատրաստվել էր ձմեռային մարտերի, և եթե Փաշինյանը գողեգող, հայ ժողովրդի թիկունքում չստորագրեր նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը, ապա հայկական բանակը կարող էր արագ համալրվել ու անցնել հարձակման՝ հետ բերելով թշնամու կողմից բռնազավթված մեր տարածքները, Գևորգյանը նկատեց․ «Դա հնարավոր կլիներ, եթե իշխանությունը արագ փոխվեր, երկրի ղեկավար չլիներ Փաշինյանը, որը դավադիր կապերի մեջ է եղել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այդ դավադրությունն իրականացվել է թիմով, Փաշինյանը միայնակ չէր կարող։ Կոնկրետ զորքի հետ գործ ունեցողներին պետք է իրենով աներ։ Ջալալ Հարությունյանի մասին ասում էին, իբրև թե մահամերձ պառկած է, բայց նոր պաշտոն ստացավ ու առանց մարմնական վնասվածքի գնաց, դիմավորեց Փաշինյանին»։

Գևորգյանը այն զինվորականներից է, որը 2020-ի դեկտեմբերին իր ցանկությամբ հեռացավ պաշտպանության համակարգից․ «Այո, ես դեկտեմբերի 22-ին զորացրվել եմ իմ կամքով, չէի կարող հանդուրժել դավաճանությունը․․․ Ադրբեջանցիները ներխուժել էին Սյունիքի մարզ՝ Շուռնուխ, արդեն խոսվում էր Սյունիքի տարածքները հանձնելու մասին, ու ես զեկուցագիր գրեցի, որում նշեցի՝ այլևս ցանկություն չունեմ այս հողատու իշխանության ներքո ծառայելու և միացա Հայրենիքի փրկության շարժմանը»։

Մանրամասները՝  տեսանյութում