Վրաստանի վարչապետը հակախաղ է սկսել Մոսկվայում վերահաստատված «3+3» աշխարհաքաղաքական նախագծի դեմ. ի՞նչ նպատակով է Ղարիբաշվիլին հանդիպել Փաշինյանի հետ. Տարասով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այց է կատարել Երևան, որի մասին նախապես չէր հայտարարվել, ինչն էլ ստիպել է փորձագետներին մեծ ուշադրություն դարձնել այցին: Այս մասին գրում է ռուս ականավոր քաղաքագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցով փորձագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ այցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուն ընդառաջ:

Հեղինակը հիշեցնում է, որ նմանօրինակ այցով սեպտեմբերի սկզբին Վրաստան էր մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հասկանալի է, որ բարձր մակարդակով ինտենսիվ շփումները Երևանի և Բաքվի միջև պատահական չեն, իսկ ակտիվ ռեժիմով վարվող քաղաքական երկխոսությունն առարկայական բնույթ ունի և չի սահմանափակվում միայն երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի քննարկմամբ»:

Տարասովը հիշեցնում է նաև, որ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցին հաջորդեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել հայ վարչապետի առաջարկը հանդիպելու վերաբերյալ: Այդպիսով, ինչպես նկատում է հեղինակը, թուրք առաջնորդը, ըստ էության, արագացրել է այդ նախաձեռնությունը՝ Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցք բացելու պայման դնելով Երևանի առաջ:

«Դրանից հետո սկսեց թվալ, թե Թբիլիսիի միջնորդական ջանքերի ռեսուրսները սպառվել են, սակայն Ղարիբաշվիլին որոշել է դուրս չգալ «մեծ խաղից» և վերսկսել միջնորդական երկխոսությունը: Դատելով եղելությունից՝ հենց այդ հարցն է եղել Երևանում Փաշինյանի հետ նրա երկխոսության կենտրոնական թեման: Հետաքրքիր է նաև այն, որ հայկական կողմը, մեկնաբանելով բանակցությունները, շեշտը դրել է երկկողմ համագործակցության հարցերի վրա, մինչդեռ ինքը Ղարիբաշվիլին իր թվիթերյան հաղորդագրությամբ հայտնել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է «նոր խաղաղ նախաձեռնությունը և հանուն խաղաղության և տարածաշրջանում զարգացման մեծ հնարավորությունների՝ միջնորդական ակտիվություն դրսևորելու Վրաստանի պատրաստակամությունը»»,- նշում է փորձագետը:

Խոսքը «Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների խաղաղ նախաձեռնության» մասին է, որի մասին վրացի վարչապետը խոսել էր ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս: Իհարկե, այդ փաստաթղթում չի նշվում, թե անդրկովկասյան երկրներից բացի՝ էլ որ տերությունները կարող են հրավիրվել Թբիլիսիում ենթադրվող առաջին հանդիպմանը: Կիրառվում է «միջազգային գործընկերներ» անորոշ եզրույթը: Վրացի փորձագետները մատնանշում են, որ Ղարիբաշվիլու նախագծում չի նշվում Ռուսաստանը և հարցականի տակ է նաև Իրանը:

«Այդ իսկ պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի վարչապետը հակախաղ է սկսել Մոսկվայում վերահաստատված «3+3» աշխարհաքաղաքական նախագծի (ՌԴ-Թուրքիա-Իրան և Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) դեմ: Սակայն նա, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը դժվար թե ներգրավվի որևէ հակառուսական դաշինքում: Այնուամենայնիվ կան կարևոր նրբություններ»,- նկատում է քաղաքագետը:

Վերջինս ընդգծում է, որ Ղարիբաշվիլին Երևանում է հայտնվել Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Կարելի է ենթադրել, որ Թբիլիսին Երևանի միջոցով փորձում է որևէ առաջարկ փոխանցել Կրեմլին: Սակայն նման մտորումները հանգեցնում են նրան, որ Վրաստանում ակտիվորեն քննարկվել է «3+3» բանակցային ձևաչափը: Այս առումով Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին սկզբում հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա դժվարություններին՝ «Վրաստանն ինչ-որ կերպ պետք է ներկայացված լինի նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում»: Սակայն ավելի ուշ նրան «ուղղել են». ԱԳՆ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը մասնավորեցրել է, որ «Թբիլիսին չի դիտարկում մասնակցությունն այսպես կոչված՝ «3+3» ձևաչափին Ռուսաստանի հետ»: Թբիլիսիի այս տատանողական դիրքորոշումը բավականին հատկանշական է:

«Մյուս կողմից չի բացառվում, որ Ղարիբաշվիլին Փաշինյանին ուղերձ է փոխանցել Էրդողանից: Թուրքական կառավարության անդամներն անսպասելիորեն սկսեցին խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին՝ որևէ պայմաններ չառաջադրելով: Այնպես որ եթե որոշակի իրողություններ համադրենք ժամանակագրական շղթայով, ապա պետք է խոստովանել, որ Ղարիբաշվիլիի և Փաշինյանի զրույցը Երևանում կարող էր լինել շատ հագեցած, որը ցույց է տալիս Վրաստանի նկատելի ակտիվությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ, թեև Թբիլիսիի նախաձեռնությունները, դժվար թե, հաջող լինեն»,- գրում է Տարասովը՝ մեբերելով Զալկալիանիին. «Մենք պատրանքներ չունենք, որ տիրապետում ենք այնպիսի ռեսուրսի, որը թույլ կտար Վրաստանին միջնորդ դառնալ քաղաքական թեմաներով, սակայն կա հնարավորություն միջնորդ դառնալ տնտեսական և հումանիտար փոխգործակցության թեմայով»:

Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ Տարասովը մեջբերում է բրիտանացի քաղաքագետ, Conciliation Resources լոնդոնյան կենտրոնի կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրեն Բրոերսին, որի կարծիքով՝ «Անդրկովկասում ամեն ինչ հայտնվել է տենդային շարժման  մեջ, քանի որ այնտեղ նկատվում է արևմտյան և միջազգային կազմակերպությունների ազդեցության անկումը և կոշտ մրցակցության մեկնարկն՝ արտաքին տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի և Իրանի կողմից»:

Աղբյուրը՝ Tert.am