Ավստրիայի նոր կանցլերը

Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը վարել է Ալեքսանդր Շալենբերգի՝ որպես Ավստրիայի կանցլերի երդմնակալության արարողությունը՝ այդ պաշտոնից Սեբաստիան Կուրցի հեռանալուց հետո: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, արարողությունը կայացել է հոկտեմբերի 11-ին Վիեննայում՝ պետության ղեկավարի դիվանատանը։

Ավստրիայի արտագործնախարարության նախկին ղեկավարը դարձել է հանրապետության նոր կանցլեր, որը ներկայացնում է պահպանողական՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ): Վան դեր Բելենը նաև պաշտոնից արձակել է Սեբաստիան Կուրցին: Շալենբերգի փոխարեն նախագահն արտաքին գործերի նախարար է նշանակել Միխայել Լինխարտին:

Լինխարտը 2018 թվականից եղել է Ավստրիայի դեսպանը Ֆրանսիայում: Մինչ այդ երկար ժամանակ նա եղել է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղարը: Շալենբերգը ծնվել է 1969 թվականին Բեռնում (Շվեյցարիա) ազնվականական ծագմամբ ավստրիացի դիվանագետ (դեսպան) Վոլֆգանգ Շալենբերգի ընտանիքում: Մեծացել է Հնդկաստանում, Իսպանիայում և Ֆրանսիայում, որտեղ գտնվել է հայրը գործուղումների պատճառով:

Կրթությամբ իրավաբան է, սովորել է Վիեննայի և Փարիզի համալսարաններում: 1997 թվականից աշխատում է Ավստրիայի ԱԳՆ համակարգում:

Հոկտեմբերի 9-ին Կուրցը հայտարարել է, որ կաշառակերությանը գործակցելու և վստահության չարաշահման կասկածանքով իր նկատմամբ վարվող հետաքննության պատճառով թողնում է Ավստրիայի կանցլերի պաշտոնը, բայց մնում է Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդը և կզբաղեցնի դրա խմբակցության նախագահի աթոռն Ազգային խորհրդում (խորհրդարանի ստորին պալատ):