Բաց Նամակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին

Բաց Նամակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին,

ուսուցչուհի Աստղիկ Մարգարյանից

Տիկին Անդրեասյան, ես ապրում եմ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում, սակայն դասավանդում եմ Հորբատեղի հիմնական դպրոցում պատմություն և աշխարհագրություն։ Սույն ուստարվա սկզբին Արտաբույնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժպ է նշանակվել անասնաբուծական կրթություն ունեցող մեկը, ով զուրկ է մանկավարժական տակտից, միլիոնավոր կիլոմետրեր հեռու է երեխայի հոգեբանությունից, մանկավարժությունից, մեթոդիկայից։ Ամենևին անտեղյակ է հանրակրթության մասին օրենքից։ Երեխաներս հաճախում են Արտաբույնքի միջնակարգ դպրոց, տղաս երկրորդ դասարան է, աղջիկս նախակրթարանի սան է։ Այդ անասնաբուծը, սկսած ուսումնական տարվա սկզբից, ամեն րոպե ոտնահարում է երեխաներիս իրավունքներն և հետապնդում է իմ մանկահասակ երեխաներին այն դեպքում, երբ մեծ երեխաս խոսքի ուշ զարգացման պատճառով օգնության կարիք ունի։ Այդ անասնաբուծը դեռ հավաստագիր ձեռք չի բերել, սակայն պետք է շուտով մասնակցի դպրոցի տնօրենների հավաստագրի շնորհման հանձնաժողովում համապատասխան քննություններին։ Տեղեկացել եմ, որ տնօրեններին հավաստագիր շնորհող հանձնաժողովի ղեկավարը Դուք եք։ Այդ իսկ պատճառով որոշեցի որոշ մտահոգիչ հարցեր ներկայացնել Ձեզ, հարգելի տիկին Անդրեասյան․

  • Եթե մարդը անտեղյակ է հանրակրթության մասին օրենքներից, մանկավարժությունից, երեխայի հոգեբանությունից, զուրկ է մանկավարժական տակտից, ինչպե՞ս, ո՞ր օրենքի համաձայն պետք է ստանա հավաստագիր։
  • Եթե մարդը հասարակ կուլտուրայից զուրկ է և ի վիճակի չէ բարեկրթորեն լուծում տալ ցանկացած իրավիճակային խնդրի, ինչպե՞ս պետք է հավաստագիր ստանա։
  • Եթե միայն պոռոտախոս կերպով ու ժարգոնային կիսագրագետ բառապաշարով զբաղված է միայն ինքնագովեստով, ինչպե՞ս պետք է հավաստագիր ստանա։

Հարգելի տիկին Անդրեասյան, ես՝ որպես ծնող, ի վիճակի չեմ այդ անձին որևէ հարց ուղղել իմ երեխաների իրավունքներն ոտնահարելու կամ հետապնդելու համար։ Միայն մեկ անգամ փորձել եմ հարցնել, թե ի՞նչն է պատճառը ո՞ր նման կերպ է իրեն պահում, իմ հինգ տարեկան աղջիկ երեխայի ներկայությամբ անասնական բղավոցով բղավել է իմ վրա՝ «դուրս արի դպրոցից» արտահայտույթունը մի քանի անգամ կրկնելով, որի հետևանքով երեխաս բավականին երկար ժամանակ հոգեբանորեն ազդվել էր, որ իր մայրիկի վրա գոռացել էր անասնաբուծը։ Հարգելի տիկին Անդրեասյան, խիստ կասկածելի է, որ այդ անասնաբուծը ունի գիտելիքների պաշար և ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել հավաստագրի շնորհման քննությունները։ Այդ անասնաբուծի միակ առավելությունը՝ մեր բնակավայրից ինչ-որ մեկի ընտրազանգվածի մասնիկ կազմելն է, մի՞թե դպրոցները ենթակա են քաղաքականացման։

Հարգելի տիկին Անդրեասյան, թողնում եմ Ձեր խղճին և օբյեկտիվությանը նման անձին հավաստագիր տրամադրելու և դպրոց` կրթօջախ վստահելու, խիստ պարտավորեցնող գործը։ Այն, ինչ գրի եմ առել, զուտ ճշմարտությունն է, իրականությունը, ինչին բախվում են իմ երեխաները ամեն օր։

Հուսով եմ՝ երեխայի հետ գործ ունենալու և ընդանրապես կրթության ոլորտի պատասխանատու նուրբ գործընթացը կվստահվի լուրջ, մանկավարժական գիտելիքների պաշարով հարուստ մանկավարժի։ Վստահ եմ՝ կհարգեք իմ խնդրանքը՝ և որպես ծնող, և որպես մանկավարժ։ Ճիշտ է՝ օրենքով սահմանված է՝ բարձրագույն կրթություն ունեցող անձը իրավունք ունի դառնալ դպրոցի տնօրեն, սակայն այն դեպքում, երբ անձը ի վիճակի է դպրոցը ղեկավարել՝ հաշվի առնելով երեխայի իրավունքները, ոչ թե իր անձնական կիսագրագետ ժարգոնախառը պահվածքը առաջ մղի, թեպետ կան չգրված օրենքներ, որոնք պետք է հաշվի առնվեն Ձեր կողմից։

Հարգանքով`Աստղիկ Մարգարյան