ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատում է Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը։

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը: Ռուսական զորակազմի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ կայքում:

Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական կապ է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում 27 դիտակետերում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Հիշեցնենք, որ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնից հայտնել էին, որ հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։