ԱՄՆ-ի միջուկային սուզանավը բախվել է անհայտ օբյեկտի հետ, հավանաբար, ՉՍՕ-ի, կամ էլ Չինաստանի ռազմատեխնիկական անակնկալն է անցանկալի հյուրին

ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայության 07.10.2021թ. հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների «Seawolf» դասի «USS Connecticut (SSN 22)» («Կոնեկտիկուտ») ատոմային հարվածային սուզանավը Հնդ- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային ջրերում սուզվելիս, ս. թ. հոկտեմբերի 2-ին, օրվա երկրորդ կեսին բախվել է անհայտ օբյեկտի հետ: «Fox News»- ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հարավչինական ծովում, միջուկային ուժային կայանքը չի վնասվել: Ամերիկյան սուզանավը ջրի մակերևույթի վրա լողալով,  ինքնուրույն վերադարձել է Գուամ կղզում գտնվող նավահանգիստ:

Հիշյալ ծառայության հաղորդագրության մեջ ընդգծված է, որ որ «անձնակազմի անվտանգությունը շարունակում է մնալ ռազմածովային ուժերի գլխավոր առաջնահերթությունը», և որ սուզանավն ինքը «մնում է անվտանգ ու կայուն վիճակում», այսինքն` չկա պայթյունի, ռադիոակտիվ նյութերի արտահոսքի հետ կապված որևէ վտանգ, ինչպես նաև սուզանավի լողունակությանն առնչվող խնդիր:

«USS Connecticut»-ի միջուկային ուժային կայանքին և մեկուսամասերին վնաս չի պատճառվել, դրանք մնում են լիարժեք գործունակ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Թեև ըստ հիշյալ ծառայության հաղորդագրության, անձնակազմի անդամներից որևէ մեկը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չի ստացել, այնուհանդերձ, Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի (USNI) լրատվական պորտալի փոխանցմամբ` միջադեպի հետևանքով մոտ 11 զինծառայող վիրավորվել է, նրանք ստացել են միջին և թեթև ծանրության վնասվածքներ: Ուրեմն բախումն եղել է բավական լուրջ և բավական մեծ ու զանգվածեղ մարմնի հետ, որ չնայած ատոմային սուզանավի հսկայական չափերին ու զանգվածին, նրանում գտնվող անձնակազմի անդամներից շուրջ մեկ տասնյակը անակնկալ հարվածի հետևանքով վիրավորումներ է ստացել, ոմանք նույնիսկ միջին ծանրության:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հետաքննում են միջադեպը: Բնականաբար, նախ պարզվել է, թե սուզանավն արդյոք չի բախվել ստորջրյա որևէ ժայռի: Սակայն, ըստ «Military Times»- ի աղբյուրի՝ «բախման պահին տարածքի տեղագրությունը չի նշել սուզանավի դիմաց ցամաքային զանգվածի առկայություն»: Նույն աղբյուրի համաձայն, բախումից հետո սուզանավը հարկադրված դուրս է եկել ջրի երես, բայց չկա որևէ նշան, որ «միջադեպը թշնամական է եղել»: Այս վերջին եզրակացությանը հանգել են այն իրողության հիման վրա, որ սուզանավն անհայտ օբյեկտի կողմից չի հետապնդվել, չի եղել այլ հարված:

Ի՞նչ կարող էր լինել այդ ստորջրյա անհայտ օբյեկտը, մեկ այլ պետության ատոմային կամ բավական մեծ սուզանա՞վ… Ինչպես նշել է «Fox News» հեռուստաալիքը, «USS Connecticut»- ը չի բախվել մեկ այլ սուզանավի հետ:  Իսկ գուցե բախվել է կետի՞ հետ…  Այս տարբերակը, կարծում ենք, բացառված է: Նախ այն պատճառով, որ կետերը հեռվից լսում ու ոչ միայն լսում, այլև զգում են սուզանավի մոտենալը և ժամանակին հեռանալով, խուսափում են բախումից: Եվ երկրորդ. աշխարհի ամենամեծ կետի` կապույտ կետի երկարությունը հասնում է մինչև 34 մետրի, իսկ առավելագույն քաշը` մոտ 200 տոննայի , մինչդեռ «USS Connecticut»-ի երկարությունը 107,6 մետր է, ստորջրյա ջրատարողությունը` 9137 տոննա , միայն «Томагавк» թևավոր 50 հրթիռների քաշը գերազանցում է 65 տոննան:

Պարզ է, որ նույնիսկ կապույտ կետին բախվելու պարագայում, որը միս ու ոսկորներից է կազմված, մետաղյա ամրակուռ պատյան ունեցող սուզանավը չէր վնասվի, իսկ նրա անձնակազմի անդամներից ոմանք միջին ծանրության վնասվածքներ չէին ստանա, ատոմային հզոր սուզանավը կետին պարզապես մի կողմ կշպրտեր: Իսկ որ սուզանավը վնասվել է, հայտնի է դառնում ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հաղորդագրությունից, ըստ որի, «ներկայումս գնահատվում է սուզանավի այլ հատվածներին հասցված վնասի աստիճանը»: Նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ սուզանավի հիդրոակուստիկ սարքավորումները, էխոլոտները բավական մեծ հեռավորությունից նախապես ցույց են տալիս, թե նրա դիմաց կամ տակն ինչ օբյեկտներ կան:

Վերոնշյալ փաստերի համադրումը մղում է այն եզրակացության, որ կամ Չինաստանն է Թայվանի առնչությամբ չին-ամերիկյան լարված հարաբերությունների պայմաններում իր ջրային սահմաններից ոչ այնքան հեռու հայտնված ամերիկյան սուզանավի նկատմամբ ռազմատեխնիկական ինչ-որ նորույթ կիրառել` սուզանավի անձնակազմին և, ընդհանրապես, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին վախեցնելու նպատակով, կամ, ինչը թերևս ավելի հավանական է, «USS Connecticut»-ը բախվել է ՉՍՕ-ի` չճանաչված ստորջրյա օբյեկտի հետ, որը կարող էր սուզանավի համապատասխան սարքավորումների կողմից չհայտնաբերվել` դրանց աշխատանքը խաթարելու կամ ձայնային ալիքներն ինչ-որ կերպ կլանելու արդյունքում:

Վաղուց հայտնի է, որ այլ քաղաքակրթություններից երկիր ժամանող որոշ չճանաչված թռչող օբյեկտներ (ՉԹՕ) ոչ միայն ֆանտաստիկ կարողություններով, երկրային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից վեր գտնվող շարժումներով, մանևրներով թռչում են օդում և տիեզերքում, այլև երկնքից միանգամից սուզվում են ծովերի և օվկիանոսների խորքերը: Ոմանք, իհարկե, չեն հավատում ՉԹՕ-ների գոյությանը, բայց դա հավատալ- չհավատալու խնդիր չէ, պետք է պարզապես հաշվի նստել գոյություն ունեցող փաստերի հետ, ինչպիսին, օրինակ, այս մեկի` կրոնական արվեստի ժանրում նկարիչ Էրիկ Գելդերի դեռ 1710 թվականի այս կտավի հետ, որում հենց ՉԹՕ է պատկերված:

 

Արթուր Հովհաննիսյան