Այս դավաճաններին կապիտուլյանտներին պետք է հարցախեղդ անել ու դնել անհարմար վիճակի մեջ․ Վահան Բաբայան

Հարցազրույց Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանի հետ

Դրսում քամահրանքին արժանացող՝ ներսում բռնապետ. այսպիսին է Հայաստանի ներկայիս վարչապետը, որին օտարները, մեր թշնամին ծաղրում են, իսկ նա վախվորած լռում է՝ չհամարձակվելով հակադարձել: Սակայն ներսում նա բռնապետ է: Հայաստանը մի երկիր է դարձել, որտեղ անգամ արտոնագրված բողոքի ակցիաներ կազմակերպելը, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի թրքամետ դիրքորոշումների հետ չհամաձայնելը խնդրահարույց է՝ կհայտնվես ոստիկանների, կարմիրբերետավորների շուրջկալի մեջ՝ ձեռքերդ կոլորեն ու բերման կենթարկեն: Ինչի՞ է վերածվել մեր երկիրը՝ Հայաստանը:

-Այն, ինչ դուք նկարագրեցիք՝ նորություն չէ, ցավալին այն է, որ ժողովուրդը հանդուրժում է, ու այս իրավիճակը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը կշարունակի հանդուրժել կապիտուլյացիոն ռեժիմին՝ իր խունտայով հանդերձ: Հիշենք, հայտարարում էր ասֆալտրին փռելու մասին, միայնակ ակցիա անելու համար մարդուն ձերբակալեցին, կամ ոստիկանները ավտոբուսներով ուղարկվեցին Իջևան, որպեսզի ճնշեին փայտահատ իջևանցիներին: Նման դեպքերը շարունակվելու են… Բայց որևէ բռնապետական ռեժիմ չի կարող նման գործիքակազմերով մարդկանց անդադար լռեցնել: Կգա այդ պահը, և կազմակերպվի և ուժեղ բռունցք ձևավորվի՝ ժողովրդի ձայնը բարձրացնելու համար, չեմ կարծում, որ սա երկար կարող է շարունակվել: Ամեն ինչ ունի իր ժամանակը. մարդիկ իրենց ձայնը կբարձրացնեն և ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովրդի ուժը:

Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո՝ 2020-ի նոյեմբերի 9-10-ից սկսած, ժողովուրդը ոտքի ելավ: Կար անհրաժեշտ կրիտիկական զանգված սրանց հեռացնելու, բայց Երևանի փողոցներով երկար քայլելուց հետո ընդդիմությունը որոշեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու պայքարը տեղափոխվեց խորհրդարան: Այսօր խորհրդանում մենք ականատե՞սն ենք նման պայքարի. Ճի՞շտ է աշխատում ընդդիմությունը:

-Կարծում եմ, որ ընդդիմությունն իր ամբողջ ներուժն օգտագործում է Ազգային ժողովում, և կարողանում է ճնշում գործադրել կապիտուլյացիոն ռեժիմի վրա՝ իր հարցերով, գործողություններով ի ցույց է դնում նրանց սխալները: Բայց միայն խորհրդարանական ընդդիմության քայլերով հաջողության հասնել՝ իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, դեռևս անհնարին է: Այսինքն, այդ գործիքակազմին պետք է ավելացվի մարդկանց բողոցի ձայնը՝ փողոցը, որը պետք է լինի ոչ թե արհեստականորեն, այլ բանականորեն: Եվ եթե փողոցին զուգընթաց լինի խորհրդարանական ընդդիմության ակտիվ դեմարշը, ապա մենք կունենանք հաջողություն ու հնարավոր կլինի հեռացնել այս կապիտուլյացիոն ռեժիմին:

Բայց այստեղ կա մի կարևոր հարց. շատերն ասում են, եթե հեռացրինք Փաշինյանին, ինչը չի բացառվում, որ կատարվի նաև արտաքին ճնշումների ներքո, ո՞վ է լինելու երկրի ղեկավարը, մարդիկ անուն են ուզում լսել: Բայց այսօր մենք չունենք ընդդիմության միասնական առաջնորդ: Ես կարևորում եմ առաջնորդի հանգամանքը: Երբ սկսվեց Հայրենիքի փրկության շարժումը, շատերն ասում էին կարևոր չէ, թե ով կլինի առաջնորդ, կարևոր է՝ արագ ազատվենք կապիտուլյանտից: Բայց հետո մարդիկ հասկացան, որ պետք է կոնկրետ թեկնածություն առաջադրվի՝ որպես ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու: Ու առաջարկվեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Բայց եղավ այն, ինչ եղավ: Հիմա ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ՝ պետք է մարդիկ իմանան՝ ո՞վ է լինելու պատասխանատու անձը, ո՞ր թիմն է գալու նոր իշխանության:

Իսկ կա՞ այսօր այն առաջնորդը, ով պատրաստ է ստանձնել նման պատասխաատվություն:

-Իհարկե կան առաջնորդներ, կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ կայացնեն այդ որոշումը, որից հետո այդ որոշումը ներկայացնեն հասարակությանը, ասելով, թե նոր թիմը ի՞նչ կոնկրետ օրակարգով է գալու, ի՞նչ քայլեր է անելու ՀՀ-ն կիսապետությունից պետություն դարձնելու, այս խայտառակ կապիտուլյացիայից հետո հայի ողնաշարը ուղղելու, Հայաստանը վերականգնելու համար: Եվ այս ամենը պետք է հստակ ներկայացնենք մեր հասարակությանը:

Փաշինյանին, նրա թիմին մերժողներն իրենց ձայնը տվեցին «Հայաստան» դաշինքին, «Պատիվ ունեմ»ին և ուղարկեցին խորհրդարան մեկ պահանջով՝ իրականացնել իշխանափոխություն: Ընդդիմադիրներն էլ վստահ էին, որ իրենց կհաջողվի, օգտագործելով խորհրդարանական ամբիոնը, հասնել իշխանափոխության: Նրանք ասում էին՝ օր ու արև չեն տալու այս իշխանությանը: Կարո՞ղ ենք ասել, որ պլան Ան՝ խորհրդարանով իշխանափոխություն իրականացնելը, ձախողված է:

-Իշխանափոխության պահանջով ընդդիմությանը խորհրդարան ուղարկած ընտրազանգվածը պետք է հասկանա, որ ընտրություններում ընդդմությունը չի ստացել այնքան ձայներ, որպեսզի պլան Ա-ն կարողանա իրագործել: Դու չես կարող քիչ մանդատով ունենալ սահմանադրական լծակներ՝ իշխանափոխություն իրականացնելու համար:

Այն, որ խորհրդարանում իշխանափոխություն իրականացնելու համար չունի բավարար ձայներ, ընդդիմությունը պետք է գիտակցեր ընտրությունների հաջորդ օրն իսկ: Ուրեմն, ինչո՞ւ մտան խորհրդարան:

-Շատերը կողմնակից էին մանդատները վայր դնելուն: Բայց վաղը եթե սկսվի փողոցային շարժումը, մեզ խորհրդարանում անհրաժեշտ կլինի ընդդիմության ներկայացվածություն: Եթե ընդդիմությունը չմտներ խորհրդարան, չէինք ունենա գեթ մեկ պատգամավոր, որը խորհրդարանական հարթության մեջ կիրականացներ իր քայլերը: Իսկ այսօր՝ լինելով խորհրդարանում, ընդդիմությունը շատ ավելի մեծ աշխատանք կարող է անել, քան չլինելու պարագայում: Մի կարծեք, որ նախկին նախագահները, որոնք մեծ փորձ ունեն ու լավ են պատկերացնում գործընթացները, չեն հաշվարկել այս ամենը:

Խնդիրն այն է, թե հիմա ինչպե՞ս կազմակերպել քայլերը, որ իրականանա իշխանությանը օր ու արև չտալու ձեր նշած քաղաքականությունը: Ես կարծում եմ, այսօր էլ՝ ոչ փայլուն, բայց այն իրականացվում է:

Կարծում եք՝ կապիտուլյանտին, պարտված իշխանությանը հարցեր ուղղելով ու նրանցից պատասխաններ ակնկալելով՝ երկրի հարցերը լուծվո՞ւմ են: Հիշենք, որ ընդդիմադիրները մինչ խորհրդարան մտնելը ասում էին՝ ՔՊի հետ համագործակցել նշանակում է Ալիևի հետ համագործակցել, սրանք քաղաքական թշնամիներ են. այս մարդիկ հակահայ օրակարգ են առաջ տանում: Համագործակցել այդ մարդկանց հետ, նշանակում է՝ օգնել կործանել Հայաստանը: Իսկ այսօր խորհրդարանում ընդդիմությունը, կամա թե ակամա, համագործակցում է իշխանության հետ, մասնակցում օրենքների մշակմանը, կառավարությունից ուղարկված նախագծերի քննարկմանը: Այսինքն, գնում է այս իշխանության օրակարգի իրականացման հետևից: Սա չի՞ նշանակում, որ կամա թե ակամա համագործակցում են դավաճանական իշխանության հետ:

-Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն ընդդիմությունը պետք է ընդհանրապես բոյկոտի խորհրդարանական աշխատանքը:

Իսկ գուցե հենց դա՛ է ամենաճիշտ ճանապարհը:

-Այսինքն, բոյկոտել արտաքին աշխարհի մարտահրավերները, այսօրվա խնդիրները, չէ՞ որ 400 000 մարդ ընդդիմությանը ձայն է տվել:

Բայց 400 000 մարդ ընդդիմությանը ձայն է տվել մեկ նպատակով՝ իշխանափոխության:

-Իսկ գուցե իշխանությանը ձեռնտու կլիներ, որ ընդդիմությունը բոյկոտեր ԱԺ աշխատանքները: Այդ դեպքում ԱԺ-ում իշխանությանն ուղղված որևէ տհաճ հարցադրում չէր հնչի, և մեծամասնությունն իր ուզած ձևով նիստերը կանցկացներ ու կգնար: Այլ բան է, որ ընդդիմությունը որդեգրի տոտալ բոյկոտի քաղաքականություն. փողոցներ փակի, քաղաքացիական անհնազանդություն անի, ընդհանրապես խորհրդարան մուտք չգործի:

Գուցե հենց այդպիսի՞ քայլեր պետք է արվեն: Օրերս իր ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հետևյալ միտքն ասաց. «Այս ՀՀ իշխանություններն արել է այն, ինչ կանեին թուրքական գործակալները Հայաստանի համար»: Այսինքն,ավելի պարզ ասած՝ ՀՀ իշխանության ղեկին թուրք գործակալներ են: Եվ ուրեմն, թուրք գործակալների դեմ պայքարի այլ ճանապարհ չկա, քան տոտալ բոյկոտի քաղաքականությունը, ոչ թե նրան որպես ՀՀ վարչապետ ընդունելն ու հարցեր ուղղելը:

-Դուք այդ հարցը ճիշտ կլինի տաք ընդդիմության ղեկավարներին: Ես ԱԺ ընտրություններին չեմ մասնակցել: Կարծում եմ, որ խորհրդարանում դեռ կան հնարավորություններ երկրում առկա խնդիրները բարձրաձայնելու, դրանք կապիտուլյանտներին ներկայացնելու համար: Իսկ տոտալ բոյկոտի քաղաքականությունը մարտավարական խնդիր է ու դա պետք է որոշեն ընդդիմության առաջնորդները: Եթե այսօր չի իրականացվում նման քաղաքականություն, չի նշանակում, որ վաղը չի լինելու:

Իսկ Փաշինյանը հանճարեղ մանիպուլյատոր է, նա ցանկացած հարց կարող է այնպես շուռ տալ, որ հարց տվողը զարմանա նրա պահվածքից, բայց դա չի նշանակում, որ նրան հարց չպետք է տալ, որ նրան չպետք է հարցախեղդ անել ու դնել անհարմար վիճակի մեջ:

Հարցազրույցը պատրաստեց Արմինե Սիմոնյանը