Վրաստանում հոկտեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր

Վրաստանում հոկտեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության համար և ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Նրանց հետ միասին ողջ Վրաստանը սգում է այս սարսափելի ողբերգությունը:

Իմ որոշմամբ, ի հիշատակ զոհվածների, երկուշաբթին՝ հոկտեմբերի 11-ը կհայտարարվի սգո օր:

Պետությունը միջադեպից տուժածներին կտրամադրի համապատասխան օգնություն:

Բոլոր այն անձինք, որոնց մեղքը բացահայտվի, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ներքին գործերի նախարարությունն արդեն երեք մարդու է ձերբակալել, հետաքննությունը շարունակվում է»,– գրել է Իրակլի Ղարիբաշվիլին սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Բաթում քաղաքի Մայիսի 26-ի փողոցում փլուզվել է 70-ականներին կառուցված 5 հարկանի շենքի մի հատվածը:

Շենքի փլուզման ժամանակ այնտեղ գտնվող անձանց թիվը դեռևս հայտնի չէ: Երկրի ՆԳՆ տվյալներով՝ խոսքը 10-15 մարդու մասին է: Դեպքի վայրում աշխատում է մոտ 300 փրկարար: Նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ, անհայտ կորած է համարվում երեքը։

Քննության տվյալներով՝ ողբերգության պատճառ են դարձել առաջին հարկի բնակարանում իրականացվող վերականգնողա-շինարարական աշխատանքները, որոնք արվել են «անվտանգության կանոնների խիստ խախտմամբ»: Որպես մեղադրյալներ ձերբակալվել են բնակարանի սեփականատերը, ինչպես նաև երկու աշխատակից: