ՀՀ ՄԻՊ-ը անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին ներկայացրել է հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի զեկույցները, հիմնավոր ապացույցներ։

Խոսվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունից՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։