Նուլանդին թույլատրվել է գալ Մոսկվա․ ՌԴ-ն իր պայմաններն է թելադրել

ՌԴ ԱԳՆ-ը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի առաջիկա այցը Մոսկվա: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Լենտա ռու»-ն:

Նրա խոսքով` ամերիկացի դիվանագետը, Վաշինգտոնի խնդրանքով, հոկտեմբերի 11-13-ը բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳՆ-ում և կհանդիպի այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ: Ընդ որում, ավելի վաղ Նուլանդը 2019 թվականից Մոսկվայի սև ցուցակում էր, նրան արգելվել էր մուտք գործել Ռուսաստանի տարածք:

Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Մոսկվան պայման է դրել Նուլանդին վիզա տրամադրելու համար: Մասնավորապես, ռուսական կողմը Վաշինգտոնից պահանջել է մուտքի թույլտվություն տրամադրել ՌԴ ԱԳՆ չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության մասնագետ Կոնստանտին Վորոնցովին, որը չի կարող վիզա ստանալ 2019 թվականից ի վեր: Նրանից բացի, ամերիկյան վիզաներ չեն ստացել նաև մի քանի ռուս դիվանագետներ, «Ռոսկոսմոս»-ի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: