Իրան-Ռուսաստան. Մոսկվային առաջարկվել է արձագանքել սահմանների հնարավոր փոփոխություններին…

Իրանի կողմից իր օդային տարածքը կովկասյան  թաթարների ավիացիայի համար փակմանն ի պատասխան, երբ Հայաստանի իշխանությունները «օդային միջանցք են» տրամադրել թուրքերի և Բաքվի ռեժիմի համար, իրավիճակն ավելի է սրվել: Պարզ դարձավ, որ չնայած երևանյան այս թուրքամետ կառավարության անհիմն հայտարարություններին (օրինակ՝ «ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի»…), Հայաստանը ևս մեկ համոզիչ քայլ է ձեռնարկել՝ ավելի խոր ներքաշվելով  Իսրայելի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ալիևի կլանի հակաիրանական ծրագրի մեջ: Նշենք, որ դա տեղի էր ունենում Թեհրանում Հայաստանի արտգործնախարարի և Իրանի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանի բանակցությունների ֆոնին:

Եվ ահա հոկտեմբերի 6-ին կայացավ իրանցի արտգործնախարարի կայծակնային այցը Մոսկվա և նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Հասկանալի է, որ Մոսկվայում կայացած բանակցությունների թեման իրանական ուղղությամբ «Հայաստանի քաղաքականությունը» չէր: Հոկտեմբերի 4-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Սաիդ Խաթիբզոդան զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ բոլոր բանակցություններն այսուհետ ռազմավարական բնույթ են կրելու. «Մենք ռազմավարական բանակցություններ ենք վարելու Ռուսաստանի հետ, երկու երկրներն էլ ընդհանուր դիրքորոշում ունեն Կասպից ծովի և այդ տարածքում զորավարժությունների վերաբերյալ»: Այսօրվա Հայաստանը, ինչպես ընդունում են նույնիսկ երկրի բոլոր նախկին նախագահները, արդեն ոչ թե սուբյեկտ է, այլ երրորդ երկրների բանակցությունների օբյեկտ. սա այն գինն է, որը մենք վճարում ենք արտատարածաշրջանային ուժերի խամաճիկների կատարած «սխալների» համար:

Չի կարելի ակնկալել, որ Աբդոլլահիանը կամ Լավրովը աշխարհին «կպատմեն», թե որն էր իրենց բանակցությունների ընթացքում ամենադժվար հարցը: Բայց իրանական կողմն առանձնապես չի թաքցրել, թե ինչու է իր ԱԳ նախարարին ուղարկել Մոսկվա: Մոսկվայում Աբդոլլահիանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխություններին և զգայուն կլինի նման հարցերի նկատմամբ: Սպասվում է նաև, որ Ռուսաստանը ցավագին կվերաբերվի ահաբեկիչների ներկայությանը և տարածաշրջանում սիոնիստների գործողություններին, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»: Նա նաև ասել է, որ բացի այս այցից, Թեհրանն ու Մոսկվան մշտապես մտքեր են փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ՝ դիվանագիտական ​​և հեռախոսային խոսակցությունների միջոցով. «Իրանի և Ռուսաստանի նախագահները երկու հեռախոսազրույց են ունեցել, և նախագահ Պուտինը ուղարկել է իր բարձրաստիճան ներկայացուցչին՝ մասնակցելու Թեհրանում նախագահ Ռաիսիի երդմնակալության արարողությանը»: Նախարարն ասաց, որ այս այցը առաջընթաց կլինի երկկողմ հարաբերություններում երկար և համապարփակ բազմակողմանի քայլ կատարելու ուղղությամբ. «Վերջին տարիներին Թեհրանի և Մոսկվայի քաղաքականությունները շատ մոտ են եղել միմյանց, և փոխադարձ հետաքրքրությունների ոլորտում կատարվել են լավ, համակարգված ու կառուցողական քայլեր: Հուսով ենք, որ այս ներուժը կշարունակի աճել բոլոր ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար»:

Այսպիսով, Մոսկվայում Իրանի արտգործնախարարը Ռուսաստանից պահանջել է անմիջականորեն մասնակցել Իսրայելի և ԱՄՆ-ի վտարմանն այն տարածքից, որի վրա Իլհամ Ալիևը «խանի պաշտոն» է իրականացնոււմ: Ինչպես նաև՝ ահաբեկիչներին, այդ թվում Արցախի օկուպացված շրջաններից: Բացի այդ, Աբդոլլահիանը հստակ պահանջել է, որպեսզի Մոսկվան «սանձի» պանթուրքիստներին և կանխի Հայաստանի լուծարումը, տարածաշրջանի «աշխարհագրության» փոփոխությունը, կամ էլ չխանգարի Իրանին ծանր ապտակ հասցնել պանթուրքիստներին: Եվ ընդհանրապես, ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, Աբդոլլահիանը Ռուսաստանին կոչ է արել «ընթացիկ բանակցությունների արդյունքում ջանքեր գործադրել երկկողմ հարաբերություններում լուրջ թռիչքի հասնելու համար»:

Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի և «կովկասի-թաթարստանի» համատեղ զորավարժությունների թեմային: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ամփոփիչ ասուլիսում Աբդոլլահիանն ասել է. «Ադրբեջանը վեց վարժանք է անցկացրել տարբեր երկրների հետ. վարժությունները լավ հույզեր չեն ներշնչում տարածաշրջանում. դա, իհարկե սադրիչ գործողությունն է… Վերջերս Իրանը մի քանի զորավարժություն է անցկացրել, սակայն դիվանագիտական ​​ուղիներով մենք տեղեկացրել ենք տարածաշրջանի բոլոր երկրներին», – շեշտել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այդ զորավարժությունների էությունը «տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ուղերձ է»: Պարոն Լավրովի պատասխանն, անկասկած, զարմացրեց․ «Մենք դեմ ենք այստեղ ռազմական ակտիվության բարձրացմանը, դեմ ենք, որ զորավարժությունները կրեն սադրիչ բնույթ: Մտահոգություններ կան նաև Ադրբեջանի կողմից՝ կապված մեր իրանցի բարեկամների վերջին զորավարժությունների հետ, որոնք անցկացվել են սահմանին: Ինչ վերաբերում է Կասպից ծովին և օտարերկրյա պետությունների՝ միջամտության հող նախապատրաստելուն՝ մերձկասպյան տարածաշրջանի գործերին, ապա այսօր մենք բազմիցս շեշտել ենք մեր զրուցակիցներին, մեր ընկերներին`Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ապահովման անհրաժեշտությունը որքան հնարավոր է՝ շուտ, ինչը ուղղակիորեն կարգելի Կասպից ծովում ոչկասպյան պետությունների ռազմական ուժերի առկայությունը»: Լավրովը հիշեցրեց, որ կոնվենցիան ուժի մեջ կմտնի, երբ ստացվի վավերացման վերջին փաստաթուղթը. «Այժմ հարցը քննարկվում է Իրանի խորհրդարանում: Հուսով եմ, որ վավերացման մասին որոշումը արագ կընդունվի, իսկ հետո կոնվենցիան լիովին կդառնա միջազգային իրավական փաստաթուղթ, որն ապահովում է համապատասխան ռեժիմը Կասպից ծովում»:

Եթե ​​որևէ մեկը չհասկացավ, ապա նման գնահատականով պարոն Լավրովը պաշտպանեց Ալիևի ռեժիմի և Թուրքիայի գործողությունները ինչպես Կասպից ծովում, այնպես էլ Անդրկովկասում ամբողջությամբ: Մենք վստահ ենք, որ այս հանգամանքը համապատասխան գնահատական ​​կգտնի Թեհրանում, քանի որ Իրանի բարձրագույն իշխանությունները, ուղարկելով նախարար Աբդոլլահիանին Մոսկվա, իրականում վերջնագիր են դրել Ռուսաստանին. կամ Ռուսաստանի Դաշնությունը «տեղն է դնում», այդ թվում՝ Հայաստանի ներսում, թուրքերին և արտատարածաշրջանային այլ ուժերին՝ սկսած Իսրայելից, կամ էլ Իրանն ինքը դա կանի: Լավրովը փորձեց խուսափել կոնկրետ պատասխանից՝ «գցելով» մերձկասպյան զորավարժությունների պատասխանատվությունը Իրանի խորհրդարանի վրա: Թեհրանն անպայման կնշի և կհիշի սա … Այս այցով Իրանը փորձեց կանխել ապագա պատերազմը և տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունները, և նախարար Աբդոլլահիանը դա չթաքցրեց: Լավրովը ակնհայտորեն չլսեց  նրան: Կարծում ենք, որ շուտով այս հարցը կդառնա Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական քննարկման առարկան:

Սերգեյ Շաքարյանց