ՌԴ-ը և ՉԺՀ-ն ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությունը համարում են իրենց անվտանգության սպառնալիք

Ռուսաստանը և Չինաստանը կարծում են, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունը սպառնալիք է իրենց ազգային անվտանգությանը, նշվում է Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

«Կողմերը կիսում են այն կարծիքը, որ նման գործողությունները լուրջ սպառնալիք են Ռուսաստանի և Չինաստանի ազգային անվտանգությանը և վնասում են համապատասխան տարածաշրջանների անվտանգությանը», – ասված է նախարարների հայտարարության մեջ:

Փաստաթղթում, որի տեքստը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում, կողմերն ընդգծում են, որ «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արտաքին ռազմակենսաբանական գործունեությունը (ավելի քան 200 ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, որոնց գործունեությունը գաղտնի է և ոչ թափանցիկ, գտնվում են Միացյալ Նահանգների ազգային տարածքից դուրս) միջազգային հանրության շրջանում առաջացնում է լուրջ մտահոգություններ և հարցեր` կապված Կենսաբանական զենքի կոնվենցիային համապատասխանության հետ»:

«Հաշվի առնելով փաստը, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները որևէ էական տեղեկատվություն չեն տրամադրում այնպիսի ռազմակենսաբանական գործունեության մասին, որը կարող է փարատել միջազգային հանրության վախերը, Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ են անում գործել բաց, թափանցիկ և պատասխանատու` հավուր պատշաճի տեղեկություններ տրամադրելով արտերկրում և իրենց ազգային տարածքում իրականացվող ռազմա-կենսաբանական գործունեության մասին, ինչպես նաև Կենսաբանական զենքի կոնվենցիայի օրինականորեն պարտավորեցնող արձանագրության շուրջ բանակցությունների վերսկսման` արդյունավետ ստուգման մեխանիզմով, դրանով իսկ երաշխավորելով Կենսաբանական զենքի կոնվենցիայիի համապատասխանությունը», – ասվում է փաստաթղթում: