Առայժմ փակված է ուժային ուղին, ուստի տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը

Շատերին թվում է, թե «Զանգեզուրյան միջանցք» հորջորջվող ադրբեջանաթուրքական երազանքը էրդողանական և ալիևյան վարչախմբերի լոկ գաղափարախոսական կրքերին հագուրդ տալու միջոց է՝ այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն»-ը միմյանց ցամաքով միացնելու տենչ։

Իրականում սակայն, բացի գաղափարախոսական բաղադրիչից, այստեղ գործ ունենք խիստ հավակնոտ աշխարհաքաղաքական և տնտեսական նկրտումների հետ, որի նպատակը Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածքներ Թուրքիայի ելքի ապահովումն է։

Դրա հաջողության պարագայում նոր և չափազանց հարուստ մարդկային, տնտեսական և քաղաքական ռեսուրսների ներարկման հիման վրա քեմալական ազգայնական ծրագրի արգասիք Թուրքիան իրական կերպով կկարողանա հավակնել վերազգային համաթյուրքական գերտերության կարգավիճակի՝ մեծապետական Թուրանի։

Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու ադրբեջանաթուրքական պատրանքն այս փուլում թաղված է նաև իրանական ակտիվ գործողությունների արդյունքում։

Սակայն առայժմ փակված է լոկ ուժային ուղին, ուստի ակնհայտորեն տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը, որին ուշադիր նայելիս անհնարին կլինի չնկատել տարբեր տեղերից դուրս սպրդող «գորշ գայլի» պիղծ մռութը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից