Հռոմի սրտում հայագիտություն կուսումնասիրվի. հուշագիր է ստորագրվել

ՀՀ նախագահի Իտալիա կատարած պետական այցի շրջանակում ստորագրվեց  փոխըմբռնման հուշագիր Հռոմի Լա Սապիանցա համալսարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև։ Հուշագիրը ստորագրեցին Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Լա Սապիանցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին։ Հուշագրով պաշտոնապես հայտարարվեց համալսարանում  հայագիտություն ամբիոնի վերաբացման մեկնարկի մասին:

Նախագահ Սարգսյանը համալսարանի  ռեկտոր Անտոնելլա Պոլիմենիի հետ քննարկել է ամբիոնի գործունեության շարունակականության ապահովմանը  և ընդլայնմանը վերաբերող հարցեր: «Այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ իրադարձություն է։ Հպարտ եմ ասել, որ Հայաստանն աշխարհի հնագույն և յուրահատուկ երկրներից է, որը հազարավոր տարիների գոյության ընթացքում մեծ թվով գիտելիքներ է կուտակել, և մեր պարտքն է այդ գիտելիքներով կիսվել մյուսների հետ։ Խոսելով համալսարանի և ԿԳՄՍ նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի մասին՝ առաջինը մտքիս է գալիս կիսվելը։ Առանց դրա մենք չենք կարող մարդ լինել։ Լեզուն գիտելիքի մեծ աղբյուր է։ Այն կրում է ոչ միայն քո ինքնությունը, այլև հարաբերություններն ու կապերն այլ ազգերի հետ։ Զարմանալի է, թե ինչեր կարող ես սովորել՝ սովորելով լեզուն։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ՝ ոչ թե որպես նախագահ, այլ պարզապես զտարյուն հայ, որպես մեկը, ով կարևորում է գիտելիքը, կրթությունն ու գիտությունը, կարևորում է, որ Հռոմի սրտում՝ այս համալսարանում լինելու են հայագիտության դասեր։ Գուցե սկզբում դասավանդվի միայն լեզուն, հետո այդ շրջանակը կարող է ավելի ընդլայնվել, հուսանք՝ մի օր դա կվերածվի մեկ այլ բանի։ Եվ ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ կլինեմ նրանցից մեկը, ով լիարժեք կերպով կաջակցի փոքր մեկնարկին։ Այս հարցում դուք կարող եք հույս դնել ինձ վրա», – համալսարանում իր ելույթում ասաց ՀՀ նախագահը։

Լա Սապիենցա համալսարանում 2000-ականների սկզբից գործել է հայագիտական ամբիոն: Լա Սապիենցա համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնը վերջին տասը տարիներին չի գործել ֆինանսավորման բացակայության պատճառով: Վերջին մեկ տարում հատկապես Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մեծ աշխատանք է կատարել հայագիտության ամբիոնի վերաբացման ուղղությամբ։ Կողմերի ջանքերի շնորհիվ  համալսարանի վարկանիշային՝ Classics and Ancient History դեպարտամենտում  վերաբացվում է հայագիտության ամբիոնը:

Լրագրողների հետ զրույցում Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը նշեց, որ արդեն մեկ տարի է աշխատում են այս հուշագրի ուղղությամբ։ «Հուշագիրը ենթադրում է ընդլայնված համագործակցություն։ Նախկինում ևս այս համալսարանում եղել են հայագիտության ուղղությամբ դասախոսներ, սակայն դասախոսությունները երբեմն շարունակական բնույթ չեն կրել։ Հիմա խնդիր է դրված այդ գործընթացը համակարգված հիմքի վրա դնել։ Ուզում ենք 15 տարով մշտական հիմքի վրա դնել հայերենի դասավանդումը։ Համալսարանի ռեկտորը մեծ ջանք գործադրեց այս ուղղությամբ, նա ամեն ինչ արեց, որ այս համաձայնագիրն իրականություն դառնա», – ասաց դեսպանը՝ նշելով, որ հայագիտության ամբիոններ կան Իտալիայի մի շարք այլ համալսարաններում։

Լա Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին կարևորեց հուշագրի ստորագրումը։ Նա նշեց, որ առաջիկայում մեծ անելիքներ կան հայերենի հանրայնացման ուղղությամբ։ «Աշխատանքներ են տարվելու Իտալիայում հայերենի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար։ Այն լավ  հնարավորություն է Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային, կրթական ոլորտում ակտիվ համագործակցության կամուրջներ կառուցելու համար», – ֊լրագրողների հետ զրույցում ասաց Անտոնելլա Պոլիմենին։

Լա Սապիենցան Իտալիայի առաջատար համալսարաններից է և ունի 700 տարվա պատմություն։  Լա Սապիենցան նաև Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկն է:  Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն լավագույն կրթական հաստատությունների շարքում է՝ հատկապես  հնագիտության, դասական և հնագույն պատմության, արվեստի և հումանիտար գիտությունների, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և աէրոտիեզերական  ինժեներիայի մասնագիտացումներով: