Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռոտերդամում կայանալիք ԵԺԿ համագումարի շրջանակներում երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել է les Républicains կուսակցության նախագահ պարոն Քրիստիան Ջակոբի հետ։ Այս մասին Աշոտյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույները՝ ընդգծել եմ երկու քույր կուսակցությունների կապերի ամրապնդման կարեւորությունը հայ-ֆրանսիական բարեկամության, տարածաշրջանային եւ եվրոպական քաղաքականության համատեքստում։

Հանգամանորեն ներկայացրել եմ Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին հուզող հիմնական հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանն առնչվող։

Քննարկել ենք Հայաստանում ֆրանկոֆոնիայի ընդլայնման հնարավորությունները։

Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռոտերդամում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության ՝EPP – European People’s Party, համագումարի շրջանակներում երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցում»,- գրում է ՀՀԿ փոխնախագահը։