Մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց կոտրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի․ Իրանի քաղաքաշինության նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Նախարարների տեղակալներին տրված հատուկ հրամանով՝ Նորդուզից (Իրան-Հայաստան սահմանի Իրանի կողմի մաքսակետը) Հայաստան և Կովկասի միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ ճանապարհների քարտեզն ամբողջությամբ կփոխվի:

Նրանք, ովքեր դավեր էին նյութում այս առումով, պետք է իմանան, որ մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց այս ամենի հետևում կոտրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք https://livenews.am/press/2021/135241/05/13/56/, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին Հայաստան էր ժամանել՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստան։

Խադեմին Հայաստանում հայտարարեց, «Առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում,  գործում է մեկ այլ այլընտրանքային ճանապարհ՝ Նորդուզից Երևան և Երևանից Վրաստանի սահման»: