Գերմանիան ցանկանում է Թուրքիային «տեղը դնել»

Եվրոպայում գրում են, որ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները սկսում են սրվել: Բեռլինը շտապ քննարկում է Թուրքիայի քաղաքացու գործը, որը ձերբակալվել էր այս տարվա սեպտեմբերի 17-ին, Դյուսելդորֆի հյուրանոցներից մեկում հատուկ գործողությունների ժամանակ: Թուրքի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և 200 փամփուշտ, հոկտեմբերի 2-ին ասել է Գերմանիայի գլխավոր դատախազ Պետեր Ֆրանկը: Ներկայումս Գերմանիայի դատախազությունը քննարկում է Թուրքիայի քաղաքացու դեմ «թուրքական պետության լրտեսության կասկածանքով» քրեական գործ հարուցելու հարցը:

Թուրքի կալանավորմանը նախորդել էին լուրջ նախապատրաստական ​​աշխատանքներ: Հատուկ գործությունն իրականացվել է ոստիկանության հատուկջոկատայինների կողմից (Spezialeinsatzkommando, SEK): SEK-ի աշխատակիցները մի քանի ժամ խուզարկեցին հյուրանոցը, իսկ հարակից փողոցները շրջափակվեցին: Ձերբակալվածի մասին միակ տեղեկությունն այն է, որ նրա անունը «Ալի Դ.» է, նա 40 տարեկան է, և նա Թուրքիայի քաղաքացի է: Կասկածվում է Գերմանիայում տեղեկություններ հավաքելու մեջ, այսպես կոչված, «Գյուլենական շարժման» ենթադրյալ կողմնակիցների մասին: Հիշեցնենք, որ «Գյուլենական շարժումը» վերաբերում է թուրք մահմեդական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներին, որը՝ բնակվելով ԱՄՆ-ում, կառավարում է դպրոցների, բարեգործական կազմակերպությունների և ձեռնարկությունների համաշխարհային ցանց: Թուրքիայի կառավարությունը Գյուլենի ցանցը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն և պնդում է, որ հենց նա է կանգնած 2016 -ի ձախողված պետական ​​հեղաշրջման հետևում, և նա փորձում էր տապալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Թուրքիայում Գյուլենը մեղադրվում է նաև երկրի պետական ​​ինստիտուտները տապալելու փորձի մեջ: Նախագահ Էրդողանը Միացյալ Նահանգներից բազմիցս պահանջել է արտահանձնել Գյուլենին, իսկ Գերմանիայից՝ իր կողմնակիցների զսպելու և իրենց դեմ քայլեր ձեռնարկելը: Ինքը՝ Գյուլենը, պնդում է, որ նա միայն բարեգործական կազմակերպությունների և ընկերությունների խաղաղ ցանցի ղեկավարն է, և հերքում է որևէ առնչություն ձախողված հեղաշրջման հետ: Ավելին, Գյուլենին անվանում են ոչ միայն Էրդողանի, այլև նրա նախորդի (որպես Թուրքիայի իսլամիստների առաջնորդ) Նեջմեթին Էրբաքանի «հոգևոր հայր»:

Գերմանիայի դաշնային գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ալի Դ. գործել է «Ազգային հետախուզական կազմակերպության (MIT)՝ Թուրքիայի պետական ​​հետախուզական կազմակերպության անունից և վերահսկողության ներքո»: Սկզբում «Ալի Դ.»-ի գործը հետաքննվել է «հանցագործություն կատարելու դավադրության կասկածանքով» և զենքի մասին օրենքը խախտելու համար: Բայց այժմ գերմանացի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն սկսեցին վիճել, որ բավականաչափ ապացույցներ կան «Ալի Դ.» -ի գործը փոխանցելու համար՝ գերմանական հակահետախուզության իրավասությանը: Բացի «Ալի Դ.»-ի մոտ հայտնաբերված ատրճանակից և փամփուշտներից, նա ուներ նաև անունների ցուցակներ, այլ անձնական տվյալներ Գերմանիայում բնակվող «Գյուլենական շարժման» ենթադրյալ կողմնակիցների մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ գերմանական ոստիկանությունը «Ալի Դ.»-ի գործը կապում է իբր՝ Գյուլենի կողմնակիցների վրա Դյուսելդորֆում և Քյոլնում ծրագրված հարձակումների հետ: Այս մասին հայտնում է գերմանական «Tagesspiegel» հրատարակությունը: Ենթադրյալ թուրք գործակալի մոտ հայտնաբերված ցուցակներում ընդգրկված անձինք գերմանացի իրավապահների կողմից տեղեկացվել են իրենց սպառնացող հնարավոր վտանգի մասին:

Գերմանացի իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքական գործիչների տեսակետի համաձայն՝ գործը լուրջ ընթացք է ստանում, քանի որ խոսքը թուրքական իշխանությունների կողմից գերմանական հողում պետական ​​ահաբեկչության ակտերի նախապատրաստման մասին է: Լրտեսության մեղադրանքները սրել են ՆԱՏՕ-ի երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները մի շարք հարցերի շուրջ, ներառյալ ուղղորդված միգրացիան և մարդու իրավունքների խնդիրները Թուրքիայի 2016 թվականի պետական ​​հեղաշրջման ձախողումից հետո: «Ալի Դ.»-ի գործով հետաքննությունը գործի կարևորության պատճառով այժմ Դյուսելդորֆի պետական դատախազությունից պաշտոնապես փոխանցվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր դատախազությանը: Հիշեցնենք նաև, որ Գերմանիայում ապրում է մոտ 3 միլիոն էթնիկ թուրք: Եվ սա՝ միայն պաշտոնական տվյալների համաձայն, չնայած բոլորը ընդունում են, որ Գերմանիայում ապօրինի բնակվող ավելի շատ թուրքեր կան՝ առնվազն 6 միլիոն: Ամեն դեպքում, սա արտերկրում ամենամեծ թուրքական համայնքն է. դա 1960-70 -ականների «հյուր-աշխատողների [գաստարբայտեր] ծրագրի» ժառանգությունն է:

Մենք պատահական չենք համարում, որ Գերմանիայում Թուրքիայից եկած «լրտեսների որս» է սկսվել: Սրան զուգահեռ՝ Ֆրանսիայում ևս Անկարայից դժգոհություններ կան: Դժգոհությունը սրվեց այնքան, որ Ֆրանսիան 4 ռազմանավ ուղարկեց Հունաստանին «օգնելու» համար, ինչը ծանր ու կտրուկ մեղադրանքների արժանացավ Թուրքիայի կողմից: Բայց Գերմանիան ու Ֆրանսիան օբյեկտիվորեն ճանաչված են որպես «Եվրամիության լոկոմոտիվ»: Եվ մենք կարծում ենք, որ Գերմանիայում «լրտեսական սկանդալը» ձերբակալված թուրք «Ալի Դ.»-ի շուրջ կարող է լինել նույնիսկ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության արդյունք:

Սերգեյ Շաքարյանց