Այսօր մեզ համար տեղեկատվության աղբյուր է թշնամական պետության լուրը. Աննա Մկրտչյան (տեսանյութ)

Հայաստանը տարածաշրջանում դարձել է վարչատարածքային միավոր, ոչ թե գործառութային առումով սուբյեկտայնություն ունեցող երկիր և ներկայում կա զավթված միջպետական ճանապարհ, որը իշխանությունները փորձում են որպես ճանապարհային փոքրիկ միջադեպ ներկայացնել: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այսօր մեզ համար ուղղակի տեղեկատվության աղբյուր է հանդիսանում մեր թշնամական պետության տրամադրած լուրը՝ անկախ նրանից՝ դրանք պաշտոնական են, թե ոչ»,-հայտարարեց Մկրտչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նա գնահատում, որ ՀՀ-ի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքի մասին հայտնում են Բաքվից:

Մկրտչյանը հիշեցրեց, որ բազմիցս ասվել է՝ հայկական ուժերը կռվել են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի բանակների դեմ, միչդեռ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խուսափեց խոսել հայկական պետությունների դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծած մի քանի պետությունների մասին:

«ՀՀ իշխանությունների նման պահվածքը Անկարային և Բաքվին չգրգռելու, հանգստացնելու նպատակ է հետապնդում»,- նկատեց նա:

«Այս պահին ՀՀ-ում ոչ միայն անվտանգային համակարգ չկա, այլև մարդ չկա, որ ուզենա այդ անվտանգային համակարգը պահպանել»,- նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով Լիտվայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ՝ պատգամավորը պնդեց, որ նա մեր ռազմավարական և բարեկամ երկրի հետ հարաբերություններն այն աստիճան է վատացրել, որ այսօր երաշխիքներ է հնչեցնում նրա դեմ չգնալու մասին, այն դեպքում, երբ դավադրության մասին ոչ մեկը չի խոսել:

Մանրամասները՝ տեսանյութում