Վերին Լարսի անցակետում մեր բեռնատարները ինչքան կմնան կանգնած․ ՏԿԵՆ պարզաբանել է

ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակման խնդիրը․

«Քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներից Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակման հետ կապված զանգեր ենք ստանում՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։

Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն-Ալանիա, Վերին Լարսի շրջանում

Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում։

Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։ Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը»։