Մեր առջև լուսավորության դռները բացող մարդկանց՝ մեր սիրելի ուսուցիչների տոնն է. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․

«Այսօր մեր առջև գիտելիքի և լուսավորության դռները բացող մարդկանց՝ մեր սիրելի ուսուցիչների մասնագիտական տոնն է։ Ուսուցչի ամենօրյա աշխատանքով է կերտվում երկրի պատասխանատու քաղաքացին, հայրենիքի պաշտպանը, գիտության առաջամարտիկն ու պարզապես մարդը։

Հոկտեմբերի 5-ը՝ որպես ուսուցիչների և կրթական համակարգի աշխատողների միջազգային օր, լավագույն առիթն է նորից բարձրաձայնելու համակարգում աշխատող անձանց իրավունքների, կրթության կազմակերպման գործում նրանց անգնահատելի դերի և նրանց նկատմամբ պետության և հանրության ամենաբարձր հարգանքի և ուշադրության խիստ անհրաժեշտության մասին։

Ցավոք, մեզ պատուհասած պատերազմն իր բացասական հետևանքներն է ունեցել մեր ուսուցիչների մասնագիտական աշխատանքի բնականոն կազմակերպման վրա։ Պատերազմում զոհվել են 14 ուսուցիչներ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից և զրկվել հարազատ կրթoջախում արժանապատիվ աշխատանքի իրավունքից, իրենց սաներին բնականոն և խաղաղ պայմաններում դաստիարակելու հնարավորությունից։ Պատերազմի հետևանքով մի շարք դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվում է գերհագեցած դասարաններով՝ ուսուցիչներից պահանջելով հավելյալ ջանքեր՝ կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար։

Այնուամենայնիվ, ուսուցիչն իր առաքելության նկատմամբ նվիրվածությունը վերստին ապացուցել է կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հեռավար ուսուցման շատ հաճախ խորթ հմտությունները յուրացնելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածի հոգեբանական ծանր պայմաններում կրթական գործընթացը շարունակելու վճռականությամբ։

Ներդրված ջանքերի համար ուսուցիչները պետության և հասարակության կողմից պետք է արժանանան ամենամեծ հարգանքին ու գնահատմանը, ինչի մասին այսօր մեծ վերապահումներով կարող ենք խոսել, քանի դեռ ուսուցչի սոցիալական պաշտպանության գործուն մեխանիզմների և կատարած մեծագույն առաքելության համար պատշաճ վարձատրության ներդրման կարիք կա։

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և հավերժ շնորհակալ եմ մեր կյանքում ձեր կատարած նշանակալի առաքելության համար»։