Միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ մեր վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար․ Արծվիկ Մինասյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Իմքայլական Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ ընդդիմադիրների նախկինում արտահայտած դիրքորոշմանը՝ ասաց․ «Արդեն որերորդ անգամ լսում ենք, թե ինչպես է ընդդիմությունը խոսում 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մասին: Նրանք չեն ժխտում, որ ընդունել են այդ օրենքը, չեն ժխտում, որ նստել են այստեղ, կողմ են քվեարկել, որ Շուռնուխից այնկողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Նրանք ասում են, որ դրանով պետական սահմանը չի որոշվում: Չի որոշվում, գրեիք Շվեյցարիան է գտնվում: Կարծում եք՝ ՀՀ քաղաքացիներին կարելի՞ է այդպես մոլորեցնել»,-ասաց նա:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենց իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր և մեր հայրենիքում էր։ «Սյունիքով մարդիկ անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը»,–ասաց նա։

«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ, հողատվության մեջ։ «Վաչե Տերտերյանը ասաց, որ 2010 թվականին չի եղել որևէ խոսակցություն, որ դա ՀՀ վարչատարածքային բաժանումը ՀՀ–ի պետական սահմանի օրենքն է, և սահմանը գծվում է։ Պարոն Տերտերյան, հիմա տեսնում եք, թե հայրենազրկումը, հողատվությունը և դավաճանությունը ոնց են արդարացնում ձեր ներկայացրած օրենքի նախագծով»,–ասաց նա իր ելույթում։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ ՀՅԴ-ի պատգամավորները ժամանակին քվեարկել են մի նախագծի օգտին, որում սևով սպիտակի վրա գրված է, որ սահմանից այնկողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: «Հիմա մեր ասածն այս է՝ ձեր ասածներն ու արածները չեն համապատասխանում: Տրամաբանական չէ, որ նույն քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդման կողմ, որն ասում է, որ Սյունիքում սահմանից այնկողմ Ադրբեջանն է, հետո գալիս ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր»,-ասաց նա:

Արձագանքելով ասվածին՝ «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ օրենքի փոփոխությունների քվեարկությանը ինքը պատգամավոր է եղել և կողմ է քվեարկել առանձին դրվագներում: «Ինչպես հետագայում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր: Որևէ մեկի մտքով որևէ ձևով չի կարող անցնել և միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ մեր վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար»,-ասաց նա: