«Ֆեյսբուքը» նշել է գլոբալ խափանման պատճառը

Facebook-ի խափանումն առաջացել է գլխավոր գծի (մագիստրալ) կոնֆիգուրացիայի (կազմաձև) փոփոխությունների պատճառով, հայտնում է ընկերության ճարտարագետների խումբը:

«Գլխավոր գծի կազմաձևման փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր տվյալների կենտրոնների միջև ցանցի երթևեկը համակարգելու համար, հանգեցրել են խնդիրների, որոնք կտրել էն հաղորդակցությունը: Ցանցի տրաֆիկի այս խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների մշակման կենտրոնների վրա, ինչը պատճառ դարձավ, որ մեր ծառայությունները դադարեն աշխատել»,- նշված է «Ֆեյսբուքի» ճարտագետների կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ընկերությունը հավաստիացրել է, որ Facebook-ի, ինչպես նաև Instagram- ի և WhatsApp-ի խափանումը չի հանգեցրել օգտվողների տվյալների բացահայտմանը:

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի գրեթե յոթ ժամ անհասանելի էին օգտատերերին:

Facebook-ի պատմության մեջ, ըստ Downdetector-ի, սա ամենամեծ խափանումն էր: Ընթացիկ իրադարձությունների ֆոնին սոցիալական ցանցի բաժնետոմսերը ընկան գրեթե հինգ տոկոսով, իսկ հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրեց գրեթե յոթ միլիարդ դոլար: