Ամեն հաջորդ ամիս Հայաստանի քաղաքացիներն ավելի վատ են ապրում․ տնտեսագետ

Պետության վիճակի լավատեսական դիտարկումների համար որևէ հիմք չունենք, շատ կուզեի հիմքեր լինեին, որպեսզի երկրի համար լավատեսական կանխատեսումներ արվեին, քանի որ մեր երկիրն է, և բոլորս այստեղ ենք ապրում։ Բայց փաստերն այլ բանի մասին են խոսում։ Եթե այսօրվա իշխանավորների խոստումների ու հնչեցրած վիճակագրական տվյալների մի չնչին մասը, որոնցով հանրությանը մանիպուլացնում են, փորձում նորից դրական սպասումներ առաջացնել, պայծառ գույներով ներկայացնել երկրի վիճակը, իրականություն դառնար, մենք այս տխուր ու վատթար վիճակը թերևս չունենայինք։ LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ այս դիտարկումներն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ներկայացնելով նաև հստակ վիճակագրական տվյալներ։ Ըստ նրա՝ հունվար- հուլիս ամիսներին յոթ ամսվա կտրվածքով թեև տնտեսության համար պատասխանատուները կանխատեսում էին երկնիշ տնտեսական աճ, սակայն ունեցանք համեստ 5,2 տնտեսական աճ, մինդեռ հարևան Վրաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը մի քանի անգամ բարձր էր։ Անգամ հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը նվազեց՝ 5,2-ը դարձավ 4,9, այն դեպքում, երբ նախորդ տարի տոտալ տնտեսական սահմանափակումներ էին։

«Ահագնանում է նաև գնաճի տեմպը։ Հունվար-օգոստոսին ունենք միջին գնաճ՝ 6,4 տոկոս, որն ավելի է տնտեսական աճից, իսկ սննդամթերքի գնաճը միջինում 15-16 տոկոս է։ Քաղաքացին ամեն օր խանութ մտնելիս առնչվում է դրան, առաջին անհրաժեշտության մթերքների շուկայում գնաճն առավելագույնն է՝ 30-35 տոկոս։ 30 տոկոս և ավելի աղքատության ցուցանիշ ունեցող երկրում սա շատ վտանգավոր միտում է։ Այս ամենը զգալիորեն նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները և ամեն հաջորդ ամիս նրանք ավելի վատ են ապրում։ Անվանական եկամուտները՝ արտահայտված դրամով, նույնն են մնում կամ անհամեմատ քիչ են աճում, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների, մթերքների գները պարբերաբար թանկանում են, և ընտանիքի սպառողական զամբյուղը կրճատվում է»։

2020 թվականին որևէ սահմանափակում չկար՝ համավարակով պայմանավորված և այդ պայմաններում, տնտեսագետի հավաստմամբ, տնտեսությունը կարող էր զարգանալ, ինչը տեղի ունեցավ տարածաշրջանի այլ երկրներում, օրինակ՝ Վրաստանում էական աճ գրանցվեց․ «Տնտեսական անկմանը սովորաբար միշտ վերելքն է հաջորդում, իսկ մեզանում այդ թվերն այնքան համեստ են, որ չի կարելի դրանով հուսադրվել, ավելին՝ տնտեսության աճի տեմպը օգոստոսից սկսած նվազում է։ Եթե այս միտումը պահպանվի մինչև տարեվերջ, ապա Հայաստանի տնտեսական աճը զիջելու է տարածաշրջանում բոլոր երկրների աճի ցուցանիշին։ Իհարկե, դրա համար ևս այս իշխանությունները կփորձեն մեղավորների գտնել՝ չքմեղանալով և արդարացնելով իրենց։ Իսկ դա հիվանդագին երևույթ է, երբ իրենց աշխատանքի կամ չաշխատելու հետևանքով բոլոր ձախողումները վերագրում են ուրիշներին, իսկ այդ խնդիրները հասկանալու համար պետք է հասկանան ու տեսնեն իրական պատճառները, ընդունեն և փորձեն դրանք շտկել»։