Ալիևը վերլուծական սխալ է թույլ տվել․ կարծում էր՝ կկարողանա վերացնել Իրանի հետ Հայաստանի սահմանը․ իրանցի պատգամավորն զգուշացնում է

«Մենք զգուշացնում ենք Ադրբեջանին, Թուրքիային և ցանկացած այլ երկրի, եթե նրանք ցանկանում են սպառնալ Իրանի շահերին, Իսլամական Հանրապետությունը հզոր հարված կհասցնի»: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոջթաբա Զոնուրը, փոխանցում է Farsnews-ը:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևը վերլուծական սխալ է թույլ տվել, նա հոգեկան խանգարում ունի, նա կարծում էր, որ համագործակցելով Թուրքիայի և սիոնիստական ​​ռեժիմի հետ՝ կկարողանա վերացնել Իրանի հետ Հայաստանի սահմանը՝  դեպի Եվրոպա տանող ճանապարհներից մեկը:

«Մենք զգուշացնում ենք Ադրբեջանին, Թուրքիային և ցանկացած այլ երկրի, ով ցանկանում է խաղալ առյուծի պոչի հետ, քանի դեռ տարածաշրջանի երկրները չեն հրաժարվել իրենց բարեկամությունից, Իսլամական Հանրապետությունը նրանց հետ բարեկամ է, բայց եթե նրանք ցանկանում են սպառնալ Իրանի շահերին, Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, հզոր հարված կհասցնի», – ասել է Զոննուրը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաները պետք է հավաքեն իրենց մտքերը և վերադառնան այն ճանապարհին, որն ապահովում է տարածաշրջանի երկրների շահերը: