Հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար տևական ժամանակ է պետք. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար տևական ժամանակ է պետք: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ծաղկաձորում իր կուսակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է պետք բանակը վերականգնելու համար:

«2-3 տարին բավարար չէ, հատկապես որ գնալով մեր զինված ուժերը չեն վերականգնվում եւ իմ կշտամբանքը բանակինչի վերաբերվում, իմ կշտամբանքը վերաբերվում է բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կարծիքով քաղաքականություն են վարում նաև ԶՈւ վերականգնման, զարգացման ուղղությամբ, բայց իրականության մեջ նրանք չգիտեն՝ ինչպես դա անել և ընդհանրապես զինված ուժերից կիլոմետրերով հեռու են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2 տարին օպտիմալ ժամանակահատվածն է, որպեսզի զորակոչիկը դառնա զինվոր, իսկ զինվորը դառնա հայրենիքի պաշտպան:

«Թվում է, որ 2 տարին երկար ժամանակահատված է, բայց էդ 2 տարուց 6 ամիսը միայն ուսումնական ժամանակահատված է, հաջորդ կես տարին հմտանալու ժամանակահատված է, զինվոր դառնալու ժամանակահատված է, և մի տարի ընդամենը ծառայում են հայրենիքին: Երբ որ իրենք ասում են պրոֆեսիոնալ բանակ, հո իրենք չեն հասկանում՝ ինչ է պրոֆեսիոնալ բանակը, իրենց կարծիքով՝ պրոֆեսիոնալ բանակը զորակոչային տարիքի անձանց բացակայությունն է զինված ուժերում, այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց նա:

ՀՀ 3-րդ նախագահի կարծիքով՝ բանակի վերականգնման հարցում դժվար կլինի 30 տարվա անցած ճանապարհն անցնել 3 տարում. «Հիմա ամբողջ մեր ռազմական տեխնիկան մսխվել է, որքան որ ես տեղյակ եմ, համենայն դեպս, այն թվերը, որոնք հրապարակվում են և ՊՆ-ի կողմից չեն հերքվում, նշանակում է, որ իրականություն է դա: Եվ կախված նրանից, թե ովքեր կլինեն վերականգնողները, այդ ժամանակը կամ շատ կերկարի, կամ կարճ կտևի»: