Սոչիի բանակցություններում հաստատվեց, որ Արցախի հիմնախնդիրը փոխկապված է Իդլիբի հարցին

Պուտինի և Էրդողանի բանակցությունները Սոչիում ավարտված են: Ակնհայտ էր, որ այս հանդիպմանը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները չէին սահմանափակվի Սիրիայի և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերով:

Իսկ ստացվող հաղորդագրությունները վերլուծելու ելակետը մենք կընտրենք, թե ինչ են հայտնել թուրքերը Սիրիայի և Իդլիբի հարցի վերաբերյալ: Եկեք ուշադրություն դարձնենք լուսանկարներին և տեսանկարահանած նյութերին (ցանկացողները կարող են հեշտությամբ նյութեր գտնել ինտերնետում). երկու նախագահներն էլ գոհ չեն թվում, նրանց դեմքերը որոշ չափով լարված են: Բայց հրապակայնորեն խոսվում է բանակցությունների «օգտակարության» և «իմաստալիցության» մասին: Հաղորդվում է, որ դեմառդեմ բանակցությունները (գումարած երկու թարգմանիչ…) տևել են ավելի քան 3 ժամ: Իսկ թուրքական աղբյուրները ուրախությամբ հայտնում են. «Հիմնական խոչընդոտը Սիրիան է: Իդլիբում Բաշար Ասադի զորքերը վանում են թուրքամետ ուժերին, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Էրդողանին: Դրա համար նա ժամանել է Ռուսաստան, որպեսզի նախագահ Պուտինն իր հերթին փորձի ճնշում գործադրել Ասադի վրա: Թուրքական կողմը հակված է դեպի փոխըմբռնման հուշագիր՝ ենթադրելով Սիրիայի ազդեցության գոտիների պայմանական բաժանումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև: Միևնույն ժամանակ, կողմերից յուրաքանչյուրը ստանձնում է որոշակի պարտավորություններ, իսկ Թուրքիայի դեպքում Անկարան պարտավորվում է նվազեցնել թուրքամետ ընդդիմադիր ուժերի թիվը, բայց Դամասկոսում կարծում են, որ Թուրքիան դա ընդհանրապես չի անում, այլ հակառակը, մեծացնում է նրանց ազդեցությունը»:

Մեկ այլ ազդանշան Թուրքիայից. Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվեցին պահպանել ստատուս-քվոն սիրիական Իդլիբում՝ նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Սոչիում, «Middle East Eye»-ին (MEE, որը մասնագիտանում է Մերձավոր Արևելքի հարցերով, կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում) բարձրաստիճան թուրք պաշտոնյա է հայտնել, հաղորդում են բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներ: «Իդլիբում փոփոխություններ չկան: Մենք այնտեղ կպահպանենք ստատուս-քվոն», – MEE-ին ասել է թուրք պաշտոնյան: Դրան հաջորդում է այս ռեսուրսի մեկնաբանությունը. «Այդպես էլ պարզ չէ՝ արդյոք Թուրքիան համաձայնե՞լ է որևէ զիջման Իդլիբում Ռուսաստանի հետ փոխըմբռնումը պահպանելու համար»:

Կարելի է, իհարկե, ենթադրել, որ եթե թուրքերը պնդում են, որ ստատուս-քվոն, այսինքն՝ թուրքական օկուպացիան, կպահպանվի Իդլիբում, ապա այս դեպքում ինչպե՞ս է Պուտինը համաձայնել Ասադի վրա «ճնշում գործադրել», եթե նման «ճնշման» համար, միևնույն է, Պուտինը նախ պետք է «ճնշում գործադրի» Իրանի վրա: Ի վերջո, միայն այն մարդիկ, որոնք հեռու են քաղաքականությունից (իսկ Պուտինը նմանների թվին չի պատկանում…) կարող են չիմանալ կամ չհասկանալ, որ Սիրիայի բոլոր վերջին գործողություններն ու հայտարարությունները ոչ միայն համաձայնեցված են, այլև հաստատված են Իրանի բարձրագույն իշխանության կողմից:

Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը մեր Արցախի մասին: Պարզվում է, որ Ռուսաստանի նախագահը իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման սկզբում «Հարավային Կովկասում կայունության երաշխիք» էր անվանել  հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնը. «Ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնն ակտիվորեն գործում է… Այս համագործակցությունը կայունության և կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է՝ հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի համար»: Հիշեցնենք, թե Պուտինը ինչի մասին էր խոսում. հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնը բացվեց հունվարի 30-ին Քիյամադինլի բնակավայրի տարածքում (Ակնա-Աղդամի մոտ): Իբր, կենտրոնը միայն հավաքում, ամփոփում և ստուգում է հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին տեղեկությունները: Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է հավասարության սկզբունքով` յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող:

Այսինքն, Պուտինն փաստորեն հենց սկզբում ասաց Էրդողանին, որ իր «զիջումը» Թուրքիայի ռազմական ներկայությունն է Անդրկովկասում, մասնավորապես՝ Արցախում: Որովհետեւ հենց այս Քիյամադինլիում 60 «օրինականացված» թուրք զինվորականներն են հանդիսանում Անկարայի իրական ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում: Եվ սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Արցախի դեռ հայկական հատվածի ճակատագիրը կոշտ և սերտորեն փոխկապված է սիրիական Իդլիբի ճակատագրի հետ, քանի որ թուրքերը պնդում են, որ «Իդլիբում փոփոխություններ չկան, մենք այնտեղ կպահպանենք ստատուս քվոն»:

Այնուամենայնիվ, դեռևս ժամանակը չէ ավելի խոր և վճռական եզրակացությունների համար: Մենք հրաժարվում ենք հավատալ, որ Ռուսաստանը թուրքերին զիջեց ինչպես Արցախում, այնպես էլ Սիրիայում: Դա պարզապես անհնար է: Այնպես որ՝ միասին կհետևենք իրավիճակի զարգացմանը…

Սերգեյ Շաքարյանց