Դրսում Փաշինյանի պողպատե մանդատը դառնում է ընդամենը թղթի կտոր, որի հետ ոչ ոք հաշվի չի նստում․ Գագիկ Համբարյան

Ադրբեջանի լկտիությունը, ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը ցույց է տալիս, որ Նիկոլ Անհողը չի կարող արտաքին հարաբերություններում հավասարը հավասարի հետ բանակցել։ Այս մասին LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Ալիևի հոխորտանքներին առ այն, որ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։

«Հայաստանյան հասարակությունը, որի ինչ-որ մասը երկրպագում է Հայաստանի գործող վարչապետին և նրա ապիկար թիմին, սա պետք է հասկանա, որ Նիկոլը որքան էլ որ թափահարում է իր պողպատե մանդատը Հայաստանի Հանրապետության ներսում, դրսում այդ պողպատե մանդատը դառնում է ընդամենը թղթի կտոր, որի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Ահա այս պրիզմայի ներքո էլ մենք պետք է դիտարկենք Ադրբեջանի նախագահի հոխորտանքները ՀՀ նկատմամբ, ինչպես նաև նվաստացուցիչ ելույթները՝ ուղղված հայ ժողովրդին և ՀՀ-ին։ Պատահական չէ, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Ադրբեջանի բռնապետը շատ պարզ ասաց, որ Հայաստանի ներկայիս տարածքը Արևմտյան Ադրբեջանն է, և հենց այս թեզով էլ իրենք առաջնորդվում են։ Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանում տեղի ունեցավ վարչատնտեսական նոր միավորումների ձևավորում, որի արդյունքում էլ ձևավորվեց Արևելյան Զանգեզուր։ Սա ցույց է տալիս, որ իրենք ծրագիր ունեն ՀՀ հարավի նկատմամբ։ Ինչպես ասում են՝ ախորժակը գալիս է ուտելու ժամանակ․ մարսելով Արցախի 75%-ը ստանալու փաստը՝ ադրբեջանցիները գտնում են, որ Արցախյան հարցը իրենք լուծել են և պետք է մաքսիմալը ստանան ՀՀ-ից», -հավելեց Գագիկ Համբարյանը։

Խոսելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի, Թուրքիայի բռնապետերի և նրանց հաջորդած Հայաստանի վարչապետի ելույթների մասին՝ Գագիկ Համբարյանը ընդգծեց, որ Նիկոլի համար շանս էր ստեղծվել, որպեսզի այդ ելույթներից հետո մեկ առ մեկ անդրադառնար այդ ելույթներում հնչած շանտաժներին, նախապայմաններին և հակահայ դրվագներին, սակայն ոչ մի խոսք․ ընդամենն ասաց, որ մեր գերիների հանդեպ բռնություններ են գործադրում Ադրբեջանում․ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բացարձակ չի արձագանքում Բաքվից և Թուրքիայից հնչող որևէ շանտաժի, այսինքն ինքն ընդունում է, որ այո, մենք պետք է ստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, մենք պետք է հրաժարվենք Ցեղասպանությունը ճանաչելու մեր ուղուց և պետք է բացենք Զանգեզուրի միջանցքը»։