Պիտի օգտագործենք բոլոր գործիքները՝ ՀՀ և Արցախի ժողովրդի կայուն խաղաղությունն ապահովելու․ Ադամ Շիֆ

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրին` Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիայի պատճառով հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վախի մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Շատ կարևոր է, որ մենք հանգամանորեն հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստված լինենք ապագա սրացումների կանխմանը»,- նշել է կոնգրեսականը:

Նա տեղեկացրել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովը օրակարգում ներառել է 2022 թ. «Հետախուզման թույլտվության մասին» օրենքում իր և կոնգրեսական Ջեքի Սփիերի առաջարկած փոփոխությունը, ըստ որի՝ կպահանջվի գաղտնի հաշվետվություն Հարավային Կովկասում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ, ներառյալ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը:

«Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է Շիֆը։