Տարածաշրջանում ճգնաժամի ամբողջ մեղքն Իսրայելինն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իսրայելի հետ պատերազմն արդեն սկսվել է: Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, այս մասին Maariv-ին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

«Իսրայելն իրագործել է հարձակումներ, որոնք կոչված էին ոչնչացնելու խաղաղ նպատակներով զարգացվող մեր միջուկային ծրագիրը: Իսրայելը սպանել է միջուկային գիտնականներին և վնասել Իրանի ժողովրդին: Իրանը մեղադրվում է ահաբեկչության համար, բայց չկա լավ կամ վատ ահաբեկիչ: Տարածաշրջանում ճգնաժամի ամբողջ մեղքն Իսրայելինն է»,-ասել է խոսնակը:

Խաթիբզադեն նաև պնդել է, որ Իսրայելը «ամեն ինչ արել է» Վիեննայում միջուկային բանակցությունները տապալելու և Իրանի և համաշխարհային տերությունների միջև կոնֆլիկտ առաջացնելու համար:

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Վիեննայում միջուկային բանակցությունների յոթերորդ փուլին վերադառնալու Իրանի ռազմավարական որոշումն արդեն ընդունված է, և որ իր երկիրն արդեն երկու շաբաթ առաջ այդ մասին հայտնել էր բանակցությունների համար պատասխանատու ԵՄ ներկայացուցչին:

Հարցին, թե իր կարծիքով միջուկային գործարքին վերադառնալն արդյոք կխոչընդոտի՞ Իսրայելի ռազմական գործողություններին, խոսնակը պատասխանել է. «Իսրայելը լրջորեն վնասել է մեր հետազոտական և քաղաքացիական համակարգը: Խոսվում է իրանական միջուկային սպառնալիքի մասին, սակայն Իսրայելը հարյուրավոր ռումբեր ունի, և նա երբեք չի ստորագրել Չտարածման պայմանագիրը»:

Այնուամենայնիվ, Խաթիբզադեն ընդգծել է, որ «տարածաշրջանը հոգնել է պատերազմներից»:

«Մենք պետք է նոր մոտեցում գտնենք խնդիրները ՄԱԿ -ի բանաձևերի համաձայն լուծելու համար: Բոլոր կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն պայմանավորվածության համար»,-ասել է նա: