Թեհրանն Ալիևին մեղադրել է Իրանի սահմաններին «իսրայելական ներկայության» մեջ

Սեպտեմբերի 28-ից աշխարհը հետևում է Բաքվի և Իրանի փոխադարձ «մեղադրանքների» զարգացմանը: Տոնայնությունը սահմանել է «անհանգիստ» քուրդ Իլհամ Ալիևը, երբ սեպտեմբերի 27-ին թուրքական ​​«Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շտապել է մեղադրել Իրանին և զարմանք հայտնել հյուսիսային սահմանի ողջ երկայնքով լայնածավալ զորավարժությունների կապակցությամբ: «Մեր անկախության 30 տարիների ընթացքում դրանք չկային: Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում: Սա նրա ինքնիշխան իրավունքն է: Ոչ ոք նրան ոչինչ չի կարող ասել: Բայց երբ սա վերլուծում ենք ժամանակի առումով, տեսնում ենք, որ դա երբեք չի եղել: Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Այս հարցը տալիս եմ ոչ թե ես, այլ ամբողջ հասարակությունը»,- ասել էԱլիևը, ավելին, «զարմացել է», որ, իբր, ինքը չի հասկանում, թե ինչու իրանական զորավարժությունները չեն կազմակերպվել, երբ «Ջաբրայիլը, Զանգելանը և Ֆիզուլին գտնվում էին հայկական վերահսկողության ներքո»: Այսինքն՝ վերահսկվում էին ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից:

Մեկ օր անց Ի. Ալիևի «զարմանքը» փարատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Սաիդ Խաթիբզոդան: Ինչպես հայտնել է իրանական «IRNA» պետական ​​լրատվական գործակալությունը, նա՝ ի պատասխան երկրի հյուսիս-արևմուտքում Իրանի զորավարժությունների վերաբերյալ ապշերոնյան խանի վերջին «զարմանքներին», հաստատակամորեն հայտարարել է, որ չնայած լավ, հարգալից հարաբերություններին և «ամենաբարձր մակարդակով նորմալ շփման եղանակներին», այն զարմանք է առաջացրել` այս անգամ պաշտոնական Թեհրանին: Իրանի ներկայացուցիչները միշտ դեմ են եղել ցանկացած օկուպացիային՝ ընդգծելով երկրների տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը», – նշել է Խաթիբզոդան: Նա ընդգծել է նաև, որ բարիդրացիության սկզբունքի նկատմամբ հարգանքը ամենակարևոր թեմաներից է, որն Իրանն ակնկալում է իր հարևաններից:

Այնուհետև, Խաթիբզոդան ևս մեկ անգամ հայտարարել է, որ երկրի հյուսիս-արևմուտքում անցկացվող զորավարժությունները սուվերեն հարց են՝ կապված Իրանի անվտանգության հետ, և դրանք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Իսկ հետո Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է մի բան, որը, մեր կարծիքով, կզարմացնի ոչ միայն Ի. Ալիևին, այլև Թուրքիային, Իսրայելին և ԱՄՆ-ին. «Պարզ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական ​​ռեժիմի՝ թեկուզ ցուցադրական, իր սահմանների մոտ ներկայությունը և կձեռնարկի այն ամենը, ինչ անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության համար»: Եվ, ի դեպ, Իրանի հետախուզության նոր նախարարը, ավելի ճիշտ՝ Իրանի տեղեկատվության և անվտանգության նախարարը, հոգևորական Էսմոիլ Խաթիբը, Ալիևի և Իրանի ԱԳՆ «հարաբերությունների պարզաբանումից» մի քանի օր առաջ անսպասելի այցելել է Արևմտյան Օզարբոջանի օստան (նահանգ), որտեղ հանդիպումներ և քննարկումներ է անցկացրել տեղում: Այս մարդը շատ մտերիմ է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի և Իրանի ներկայիս նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ: Պետք է հասկանալ, որ նախարար Է. Խաթիբի այցը այն օստանը, որտեղ ևս զորավարժություններ էին ընթանում, պատահական չէ։

Ինչպես նաև պատահական չեն Իրանի ԱԳՆ խոսնակ Ս. Խաթիբզոդայի խոսքերը, թե «Իրանը չի հանդուրժի սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը, թեկուզ ցուցադրական, իր սահմանների մոտ»: Այսպիսով, Իրանը հրապարակայնորեն մեղադրել է Ալիևին, որ Բաքվի իշխանություններն իրենց հողերը տրամադրել են Իսրայելին: Այս մեղադրանքներն ունեն անշրջելի, օբյեկտիվ հիմք. ընթացիկ տարվա ապրիլի 5-ին ԻԻՀ Արևելյան Օզարբոջան նահանգի հետախուզության նախարարության գլխավոր վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հյուսիսարևմտյան այս նահանգի հատուկ ծառայությունները ձերբակալել են իսրայելցի լրտեսի և մի քանի այլ անձանց՝ կապված այլ երկրների լրտեսական ծառայությունների հետ, սակայն հրաժարվել են մանրամասներ հաղորդել: Իսկ մեր կարծիքով, Իրանի ԱԳՆ-ը, Ս. Խաթիբզոդայի շուրթերով, անվանել է նաև Արցախյան երկրորդ պատերազմի «հիմնական պատվիրատուին» և համակարգողին ու, չի բացառվում, «պայմանավորված պատերազմի» և Արցախի ու Հայաստանի հողերի հանձնման (կամ վաճառքի) «խնամակալին»: Իսկ հոկտեմբերի 1-ից, ինչպես հայտնում է իրանական ISNA գործակալությունը, իրանական բանակը նոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիսային սահմաններում, այսինքն՝ «կովկասի-թաթարստանի» հետ սահմաններում: Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին ասել է, որ զորավարժությունները տեղի կունենան Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան շրջաններում: «Հայբարի նվաճողները» կոչվող զորավարժություններին կներգրավվեն հրետանի, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ: Ուսումնական վարժանքների նպատակը Իրանի զինված ուժերի մարտունակության մակարդակի ստուգումը և բարձրացումն է, ինչպես նաև մարտական ​​պայմաններին հնարավորինս մոտ ռազմական տեխնիկայի փորձարկում… Այս փաստերը կստիպեն թե՛ Ի. Ալիևին և թե՛ երևանյան կառավարիչներին երկար մտածել…

Սերգեյ Շաքարյանց