Բաքուն ամեն կերպ փորձում է իր իսկ կատարած հանցագործությունները բարդել հայերի վրա

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 76 քրեական գործ, որոնցից «39-ը վերաբերում են խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին». այսպիսով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր իսկ զինվորականության ու քաղաքացիների կողմից կատարված անմարդկային հանցագործությունները բարդել հայերի վրա:

Ադրբեջանական ԶԼՄ-ները  հայտնում են, որ Քյամրան Ալիևը հայտնել է «24 հայերի հանդեպ հայտարարված միջազգային  հետախուզման մասին»:

Ադրբեջանի գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ հետախուզում է հայտարարված նաև 300 անձի նկատմամբ, որոնք «հանցագործություններ են կատարել ադրբեջանցի զինծառայողների դեմ ղարաբաղյան առաջին պատերազմի և հրադադարի ռեժիմի ժամանակ»։

Քյամրան Ալիևը նաև ձեռնամուխ է եղել ԼՂ-ում աշխատող «ընկերություններին պատասխանատվության ենթարկելուն»:

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում անօրինական բիզնեսով զբաղվող օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Ալիևը:

Լրատվամիջոցները գրել են, թե դատախազությունն «աշխատում է բնակավայրերին, պատմական, կրոնական և մշակութային հուշարձաններին, այլ գույքին հայկական վանդալիզմի հասցված վնասի գնահատման և միջազգային դատարաններ դիմելու ուղղությամբ»։