Խաբեությունից խուսափելու համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել: «Գնալով հաճախակի են դառնում դեպքերը, երբ Արցախյան երրորդ պատերազմի ու առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով գերության մեջ հայտնված զինվորների, քաղաքացիական անձանց գործոնն օգտագործելով` հանցավոր տարրերը գործարքի մեջ են մտնում անազատության մեջ հայտնվածների ընտանիքների անդամների հետ` գումարի կամ անձնական այլ գործողությունների դիմաց առաջարկելով իրենց ծառայությունները` գերիների վերադարձ տուն կամ մեղմ վերաբերմունք նրանց հարկադիր պահման վայրում:

Վստահություն ներշնչելու համար այդ առաջարկություններն անողները շատ հաճախ ներկայանում են որպես պետական իրավասու մարմինների, բանակի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության աշխատակիցներ, հանցավոր աշխարհի հեղինակություններ կամ նրանց հետ կապ ունեցող անձինք, մինչդեռ իրականում գերու հարազատների նուրբ զգացմունքների վրա խաղացող ամենասովորական խարդախներ են: Պատահական չէ, որ իրենց թիրախավորած զոհի հետ հարաբերվելիս պարտադիր նախապայման են դնում առաջարկվող գործարքը գաղտնի պահելը:

Քաղաքացիներին նման թակարդումներից զերծ պահելու համար ՀՀ պահեստազորի սպաների միությունը, պահպանելով կոնֆիդենցիալությունը, կազմակերպում է անվճար խորհրդատվություններ` օգնելով հասկանալ գործարքի իրական բնույթը, օգնության առաջարկություն արածը որքանով է իրավասու անձ, իրականում ինչ շահ է հետապնդում:

Հիշեցնում ենք մեր հասցեն` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]) »,-նշված է հայտարարությունում: