Սամվել Կարապետյանի «Տաշիրը»՝ Forbes-ի ռուսաստանյան խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում

Forbes ամսագիրը կազմել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների հերթական վարկանիշային աղյուսակը։ Ընկերությունները դասակարգվել են ըստ 2020 թ.-ի եկամուտների։ Այդ աղյուսակի 53-րդ հորիզոնականը զբաղեցնում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը։

Ըստ ամսագրի՝ 1999 թ.-ին հիմնված «Տաշիրը» մասնագիտանում է անշարժ գույքի շուկայում։ «Տաշիր» ընկերությունների խումբը միավորում է ավելի քան 200 ընկերություն, որոնք գործում են մանրածախ առևտրի, ռեստորանային բիզնեսի, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում։ Մոսկվայում ընկերությունը կառուցում է 5 տրանսպորտային հանգույց։ 22 տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է 67 նախագիծ՝ 3 միլիոն քառ. մետր ընդհանուր մակերեսով։

2020թ.-ի դրությամբ ընկերության եկամուտը կազմել է 181 միլիարդ ռուբլի:

Վարկանիշային աղյուսակի առաջատարը «Լուկօյլ» նավթային ընկերությունն է, որի եկամուտը 2020 թ.-ին կազմել է 5639 միլիարդ ռուբլի։ Ընկերությունն ունի 108 հազար աշխատակից։

Երկրորդ հորիզոնականում X5 Retail Group ընկերությունն է 1978 մլրդ ռուբլի եկամտով և 339 հազար աշխատակցով։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մագնիտ» ընկերությունը 1553,8 միլիարդ ռուբլի եկամտով։