Հոկտեմբեր ամսին կազմակերպվում է համաշխարհային կրթական շաբաթ, որին մասնակցելու հայտ են ներկայացնում հազարավոր դպրոցներ տարբեր երկրներից․ Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսելով մեր դպրոցների մասին՝ ներկայացնենք նաև լավ փորձը։

Հոկտեմբեր ամսին կազմակերպվում է համաշխարհային կրթական շաբաթ, որին մասնակցելու հայտ են ներկայացնում հազարավոր դպրոցներ տարբեր երկրներից։ Ընտրվել են ընդամենը 100 դպրոցներ։ Վանաձորի թիվ 16 դպրոցը ընտրված 100 դպրոցներից մեկն է, կմասնակցի հոկտեմբերի 3-8-ը կայանալիք համաշխարհային կրթական շաբաթին և կներկայացնի ամառային ճամբար կազմակերպելու իր փորձառությունը։

Ճամբարում ընդգրկվել են 6-ից 10 տարեկան դպրոցականներ։ Երեխաների համար ճամբարը եղել է անվճար: Նրանց հետ դպրոցի մանկավարժներն աշխատել են կամավորության սկզբունքով։ Ճամբարականների առօրյան դպրոցում սկսվել է առավոտյան ժամը 10։00-ին և ավարտվել 14։00-ին։ Օրվա ընթացքում նրանց անվճար սնունդ է տրամադրվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Սնունդը պատրաստել են երեխաների՝ կամավորության սկզբունքով աշխատող ծնողները։

Ճամբարի աշխատանքներին աջակցել են նաև միջին դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր իրենց նախաձեռնությամբ հանդես են եկել որպես ջոկատավարներ: Ճամբարի ընթացքում աշակերտների հանգստի հետ մեկտեղ կազմակերպվել է աշակերտների ոչ ֆորմալ կրթություն, որն էլ լինելու է դպրոցի՝ համաշխարհային կրթական շաբաթին ներկայանալու հիմնական առանցքը»։