Ադրբեջանի վարչապետը Վրաստանին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Վրաստանին հրավիրում է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»։ Իր «մեծահոգի» առաջարկը նա հնչեցրել է Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում։

Ալի Ասադովի խոսքով՝ Ադրբեջանը երկիրը է, որը ամենից շատ է ներդրումներ կատարում Վրաստանում։ «Համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը հաջող տարածաշրջանային համագործակցության օրինակ են և ծառայում են խաղաղության ու կայունության ամրապնդմանը տարածաշրջանում։ Այդ նախագծերը ազդակ են հանդիսացել Հարավային Կովկասի վերափոխման համար, փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը։ Այդ նախագծերը թույլ են տվել Ադրբեջանին և Վրաստանին ապահովել իրենց բարեկեցությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը և բարձրացնել  մեր երկրների նշանակալիությունը միջազգային գործընկերների համար։ Անցած տարվա վերջին օրերը նշանավորվեցին պատմականորեն կարևոր իրադարձությամբ։ Գործարկվեց Տրանսադրիատիկ խողովակաշարը՝ Հարավային գազային միջանցքի վերջին հատվածը։ Ադրբեջանական գազը սկսեց մատակարարվել Եվրոպային։ Այդ նախագիծը կարևոր է ընդհանուր զարգացման, կայունության, համագործակցության համար ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլև ավելի լայն՝ Եվրասիական տարածաշրջանում։ Կցանկանայի նշել, որ մենք չէինք կարողանա հասնել այս ամենին առանց մեր համագործակցության։ Մեր համագործակցությունը տրանսպորտային-տարանցման ոլոտում հաջողությամբ շարունակվում է։ Անգամ համավարակի պայմաններում մենք ընդունեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները տրանսպորտային և տարանցման միջանցքների անխափան աշխատանքն ապահովելու համար»,- ասել է Ասադովը։

Ապա նշել, որ Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրներին։ «Նոր տրանսպորտային-հաղորդակցային ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի բեռնափոխադրումների ավելացմանը և զգալի տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանային մասշտաբով։ Ես նկատի ունեմ կոնկրետ Զանգեզուրի միջանցքը»,- ասել է Ադրբեջանի վարչապետը, «չնկատելով», որ «Զանգեզուրի միջանցքը» ըստ էության գոյություն չունի։