Եթե Վաշինգտոնը համաձայնի Անկարային Patriot ԶՀՀ վաճառել, ստիպված չենք լինի ձեռք բերել С-400․ Թուրքիայի նախագահ

Թուրքիայի կողմից Ռուսաստանից С-400 զենիթաօդային հրթիռային համակարգերի գնումը իմաստ ուներ, չնայած Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերություններում առաջացած տարաձայնություններին: Այս դիրքորոշումը հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը The New York Times-ին տված հարցազրույցում: Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք  ինքներս ենք գնում մեր զենքը», – նշել է նա՝ անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի դրա իրավունքը հաստատել են ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, այնպես էլ ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը: Նա միաժամանակ ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը համաձայնի Անկարային Patriot զենիթահրթիռային համալիրներ վաճառել, Թուրքիայի ղեկավարությունը ստիպված չի լինի ձեռք բերել С-400:

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի գործողություններն իմաստ ունեին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ լարվածությունը, Էրդողանը դրական պատասխան է տվել: «Կարծում եմ՝ արժեր,- ասել է նա,- մենք ամրապնդում ենք մեր պաշտպանական դիրքը այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում»:

Միևնույն ժամանակ թուրք առաջնորդը խոստովանել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները դեռևս սկզբունքորեն կարևոր են Անկարայի համար: «Թուրքիան վաղեմի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ,- մեջբերում է թերթը նրա խոսքերը,- դրանք կամրապնդվեն, և այն պետք է պաշտպանել»: