Լավագույնները մեզ թողնում ու հեռանում են դեպի հավիտենություն

Լավագույնները մեզ թողնում ու հեռանում են դեպի հավիտենություն:

Քո մասին ճշմարիտ խոսքեր շատ են հնչել ու վստսահ եմ դեռ շատ են հնչելու, ախպերս։

Դու բարության ու խաղաղության հոմանիշ էիր։

Հիշում եմ 2005-ը։ Ես՝ երիտասարդ ու անփորձ գործիչ, որոշել էի առաջադրվել Ալավերդու քաղաքապետի ընտրություններում։

Ընկերներս՝ Արմեն Աշոտյանն ու Արման Սահակյանը, առաջարկեցին մեր ուժերով մշակութային տոն պարգևել իմ փոքրիկ հայրենիքի բնակիչներին։

Տղերքը՝ մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։ Դու Հայաստանում չէիր, բայց զանգահարեցիր, ասեցիր, որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար: Դա էր քո տեսակը՝ միշտ կանգնել մտերիմների կողքին։

Հաճախ չէինք խոսում, բայց ամենակարևոր պահերին դու միշտ սատար էիր կանգնում։

2018-ի ապրիլն էր… Դու զանգահարեցիր, ասեցիր «ապեր,  մեր բալիկին /Նարեիս/ փոխանցի, որ ես իր կողքն եմ»։ Ու դա քո էությունն էր, Հայկո ջան։

Վերջերս ճակատագրի բերումով միշտ տխուր առիթներով էինք հանդիպում։

Վերջին անգամ հանդիպեցինք ամիսներ առաջ մեր ընկերներից մեկի ծնողի հոգեհանգստին։

Ասեցիր՝ «ախպերս,  անպայման հանդիպենք, սեղանի շուրջ մեր ջահելությունը հիշենք»։

Չհանդիպեցինք իմ պատճառով, ես ինչպես միշտ «խառն էի գործերով»։

Վստահ եմ, դեռ հանդիպելու ենք երկնային հարկերում։

Հանգչիր խաղաղությամբ, Լավ Մարդ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից